Մեզ համար անկյունաքարային մոտեցում է իրավական պետությունը և պատասխանատու քաղաքացին. ՔԴԵԴ-ը մեկնարկեց 14-րդ ուսումնական տարին

19:41 • 20.10.18

Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ուսումնական տարվա մեկնարկն այսօր տրվեց Երևանում: Բացման արարողությանը տնօրեն Արմեն Զաքարյանը նկատեց՝ դպրոցի նկատմամբ հետաքրքրությունը 14 տարվա գործունեության ընթացքում հանրության շրջանում չի մարել:

«ՔԴԵԴ-ն արդեն 14 տարի ծավալում է իր գործունեությունը, և դեռ դպրոցի նկատմամբ կա հետարքրքություն: Մեր ինքնության որոնման մեջ փորձել ենք հենվել երկու սյունի վրա՝ ինքնաճանաչման և աշխարհաճանաչման: ՔԴԵԴ-ում արդիական է դարձել մեկ գաղափար՝ Հայաստանի արդիականացումը»,-ասաց նա՝ նշելով, որ արդիական Հայաստանը չի կարող կայանալ, եթե մենք իրավական պետություն և գիտակից ու պատասխանատու քաղաքացիներ չունենանք:

Քաղաքացիական մտածողության շերտերին նպաստելու առումով է, ըստ նրա, որ ՔԴԵԴ-ը տեսնում է իր գործունեությունը: «Եվ հետևաբար մեզ համար անկյունաքարային մոտեցում է իրավական պետությունը և պատասխանատու, գիտակից քաղաքացին», - ասաց նա:

Արմեն Զաքարյանի խոսքով՝ իրենք անելու են առավելագույնը, որ ինտելեկտը պահանջված լինի արդիական Հայաստան ստեղծելու ճանապարհին:

Բացմանը ներկա ՀՀ արտգործնախարարի տեղակալի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանն էլ նկատեց, որ պատահական չեն ասում, որ այս դպրոցի առաքելություններից մեկը Հայաստանի էլիտայի ձևավորումն է: «Պատահական չէ, որ այդ դպրոցի շրջանավարտների մեջ կան մարդիկ, որոնք տարբեր պաշտոններ են զբաղեցնում քաղաքականության մեջ, ռազմական, վերլուծական ոլորտներում: Եվ մենք տեսնում ենք, որ ՔԴԵԴ-ի շրջանավարտները հաջողակ են ամենուր», - ասաց նա:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն էլ, որը ՔԴԵԴ-ի շուրջ տասը տարի առաջվա շրջանավարտն է, և որը ներկա էր միջոցառմանը, նշեց, որ իր   համար ամենակարևոր ձեռքբերումը եղել է նոր համագործակցության մշակույթի արմատացումը: «Այս միջավայրը բոլորին տալիս է շատ մտածելու տեղ», - ասաց նա:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նկատեց՝ շնորհիվ ՔԴԵԴ-ի մեզ նաև լուսավոր ապագա է սպասվում: «ՔԴԵԴ-ն այն միջավայրն է, որտեղ ես կարող եմ հանգիստ ամեն ինչի մասին խոսել՝ մտածելով, որ դա չի կարող որևէ մեկին վնասել, այլ հակառակը՝ կօգնի», - ասաց նա:

Նշենք, որ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո: 2005թ. հունիսի 29-ին տեղի է ունեցել դպրոցի պաշտոնական բացումը: Քաղաքական դասընթացների 21 դպրոցից Երևանի դպրոցն առաջինն է, որ ստեղծվել է ԵԽ Վարշավյան գագաթաժողովից հետո:  

Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը զարգացման ծրագիր է, քաղաքական մասնակցության ու հետաքրքրություններ ունեցող երիտասարդների համախմբող գործընթաց: Ըստ էության, սա եզակի ծրագրերից մեկն է երկրում, որ կրթությունը համադրում է քաղաքական գործիչների ու քաղաքագետների երիտասարդ սերնդի ներկայացուցիչների՝ միմյանց հետ շփվելու հնարավորության հետ: