Ընտրական օրենսգրքի տապալման մեջ մեղավոր է նաև գործադիր իշխանությունը, Ն. Փաշինյանը էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը. Դ. Իոաննիսյան

20:42 • 22.10.18

Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը ոչ միայն ՀՀԿ-ն ու «թեթևակի» սաբոտաժ արած ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն են, այլև գործադիր իշխանությունը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: 

«Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, ընտրությունների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր բերելով, էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը:

Ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքի բարեփոխումը Նիկոլ Փաշինյանի առանցքային խոստումներից էր, և չէր կարելի օրենսգիրքը չփոխած սկսել ընտրությունների պրոցեսը: Այդ դեպքում ԱԺ-ի վրա հանրային ճնշման հնարավորություն կունենայինք, եթե սենց սաբոտաժ արվեր:

Հույս ունեմ, որ դեռևս կարելի է փրկել իրավիճակը և փոփոխել օրենսգիրքը»,– գրել է Իոաննիսյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Կողմ էր 56 պատգամավոր, 3-ը դեմ էին:

Նշենք, որ օրենքը սահմանադրական է և հարկավոր էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի քվեն՝ 63 ձայն: