Սևակ Միքայելյանը պիտի ապացուցի, որ Հրազդանում ընտրել են իրեն, ոչ թե Սասուն Միքայելյանին. «Ելք» խմբակցության պատգամավոր
ՏԻՄ ընտրություններին մասնակցության ցուցանիշը ցածր չէ, իրական թվաբանությունը այլ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Հովիկ Աղազարյանը` անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով ինչու է ՏԻՄ ընտրություններում մասնակցության ցածր ակտիվություն արձանագրվել, նախնական տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցող 217,708 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 94.222 ընտրող:
«Մենք մոռանում ենք, որ ընտրացուցակում գտնվողների մոտ 30 տոկոսը արդեն տարիներ է ՀՀ-ում չեն, ևս 10 տոկոսը արտագնա աշխատանքի են, ովքեր այս ժամանակահատվածում պետք է վերադառանան, եթե 40 տոկոսը հանենք, կստացվի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ոչ թե ընտրելու իրավունք ունեցողների 43,28 տոկոսը, այլ 70»,-նշեց նա:
Հովիկ Աղազարյանը նաև ընդգծեց, որ այս ընտրություններում նախկին հայտնի մեթոդները չեն կիրառվել:
Նա կարևորեց ընտրություններում ՔՊ արդյունքները, ինչ վերաբերում է նրան, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՔՊ-ն պարտվել է, չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ այնտեղ ակտիվ քարոզարաշավ էր իրականացնում հօգուտ ՔՊ թեկնածուի, Հովիկ Աղազարյանն ասաց. «Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, ես կասեի Կապանում ՔՊ թեկնածուն ընտիր էր, բայց հաղթեց հակառակորդ թեկնածուն, սա էլ ժողովրդավարության հաղթնակն է, լոկալ պարտությունը կարող ենք ժողովրդավարության հաղթանակին վերագրել: Հաղթել է քաղաքացին, որը պետք է ցույց տա, որ արժանի է ընտրվել և ամեն ինչ կանի իր հարազատ քաղաքի համար, թող լրագրողները չմտածեն իշխանությունը խանգարելու է, հակառակը օգնելու է»,-շեշտեց պատգամավորը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ չնայած ՔՊ-ն Հրազդանում չսատարեց կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդուն` Սևակ Միքայելյանին, Նիկոլ Փաշինյանն անգամ նրա թեկնածությունը քննադատել էր՝ ասելով, որ ընտանեկան ավանդույթներ քաղաքականության մեջ չպետք է լինեն, Սևակ Միքայելյանը հաղթեց՝ ստանալով ընտրողների 69 տոկոսի ձայները, Հովիկ Աղազարյանն ասաց. «Հրազդանում ոչ այնքան հարթ իրավիճակ էր, հիմա Սասուն Միքայելյանի որդին, ով արդեն քաղաքապետ է պետք է ցույց տա իր շրջապատին, բնակիչներին, մեզ`բոլորիս , որ արժանի էր ընտրվելուն, պետք է ամեն կերպ ցույց տա, որ կայացած անձնավորություն է, ընրել են իրեն, ոչ թե Սասուն Միքայելյանին: Այդ ամենը պետք է ապացուցի իր աշխատանքով, երիտասարդ քաղաքապետ է, դա իր առավելությունն է»,-նշեց Հովիկ Աղազարյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ ընտրությունների օրը Հրազդանում ընտրությունների ընթացքին հետևելու համար հավաքվել էին նաև Միքայելյանին սատարող ազատամարտիկներ, ապա Հովիկ Աղազարյանն է, որ դա նորմալ չէ, և այդպիսի գործելաոճը պիտի բացառվի:
«Փորձում էին իրենց առավելությունը, ընկերոջը հավատարմությունը ցույց տալ, դրա անհրաժեշտությունը չկար, բայց այդ մարդկանց ճանապարհն ինչպե՞ս փակես: Իրենք պիտի հասկանան»,-եզրափակեց Հովիկ Աղազարյանը:
Հիշեցնեք, որ հոկտեմբերի 21-ին Հայաստանի 4 քաղաքներում՝ Հրազդանում, Արմավիրում, Էջմիածնում և Կապանում քաղաքապետ են ընտրել:
Նախնական տվյալներով՝ Հրազդանի քաղաքապետ է ընտրվել ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ով «Քաղաքացիական կուսակցություն» կուսակցության անդամ է, սակայն ինքնաառաջադրվել էր։ Սևակ Միքայելյանը հավաքել է 10,681 ձայն: Մյուս թեկնածուն՝ Լևոն Ստեփանյանը, հավաքել է 4 819 քվե։ Արմավիրում, ըստ նախնական տվյալների, հաղթանակ է տարել ՔՊ թեկնածու Դավիթ Խուդաթյանը՝ ստանալով 6693 քվե։ Էջմիածնում հաղթել է ՔՊ-ն ներկայացնող Դիանա Գասպարյանը, ով մինչ այժմ քաղաքապետի պաշտոնակատարն էր: Դիանա Գասպարյանն ստացել է 8076 ձայն։ Կապանում հաղթել է անկուսակցական Գևորգ Փարսյանը՝ ստանալով 10,507 քվե։ ՔՊ թեկնածու Նարեկ Բաբայանն ստացել է 8499 ձայն։










