ԸՕ-ն ներքաղաքական հետագա զարգացման համար շատ էական է, մերժելով քննարկումը՝վտանգում եք նաև հետագա զարգացումները․ Խ․ Հարությունյանը՝ Ա․ Զեյնալյանին

12:55 • 22.10.18

ԱԺ-ում շարունակվում է ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծի քննարկումը։ Նախագծի հիմնական զեկուցողն է Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, որին էլ հարցեր ուներ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։ Պատգամավորը նախ մեջբերեց Զեյնալյանի այն միտքը, որը ցանկացած ողջամիտ առաջարկ՝ կապված ԸՕ-ի հետ, իրենք պատրաստ են քննարկել և 2-րդ ընթերցման ժամանակ փոփոխություններ անել։

«Հիմա ասացեք խնդրեմ՝ այդ քննարկումները կարելի՞ է կատարել 24 ժամվա ընթացքում։ Չե՞ք կարծում, որ այս շտապողականությունը ոչ միայն չի նպաստելու օրենսգիրքը բարելավելուն, այլև  հնարավորություն էլ չի տալու քաղաքական ուժերի դիրքորոշումը մոտեցնելուն»,- հարցերեց Հարությունյանը։

Պատգամավորը նշեց, որ այս խնդրի մասին բարձրաձայնել է նաև առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, ավելին՝ նաև առաջարկ է արել․ «Խնդրեմ, եկեք առաջին ընթերցումից հետո վերցնենք 2-3 օր, չեմ ասում 1 ամիս կամ կանոնակարգ օրենքով նախաատեսված ժամկետ, որ առաջարկություններ անենք, քննարկենք, ապա վերադառնանք 2-րդ ընթերցմանը։ Համաձայնեք՝ այս օրենսգիրը ներքաղաքական հետագա զարգացման համար  շատ էական է և կարևոր է, որ այս փուլում քաղաքական կոնսուլտացիաներ լինեն։ Սա մերժելով՝ վտանգում եք նաև հետագա զարգացումները»:

Պատգամավորին ի պատասխան՝ Արտակ Զեյնալյանն ասաց, թե իրենք սոփեստաբար չեն տրամադրված, իսկ 24 ժամյա ռեժիմը զուտ տեխնիկակական հաշվարկի արդյունքն է․«Արդյոք կարո՞ղ ենք նվազագույն բոլոր ժամկետները գումարելովէ տեղավորվել դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իրողության մեջ։ Արդյոք կկարողանա՞նք հասնել նրան, որ ԸՕ-ն ընդունվի, ստորագրվի, հրապարակվի և հայտարարելուց առաջ էլ այն տպագրված լինի։ Եթե մենք կարող ենք այս ամենը գումարել իրար ու ստանալ պատուհան, ապա մենք պատարստ ենք դա անելու»,- շարունակեց Զեյնալյանը։

Խոսրով Հարությունյան էլ արձագանքեց՝ ասելով, թե Արտակ Զեյնալյանի բարձրաձայնած մտահոգությունների պատասխանը հենց ինքը՝ նախարարը կարող է տալ։

 

ՀեղինակԱնի Օհանյան