«Սահմանում գերի են մեր մեքենաները». «Ղեկը աջ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացնում ԱԺ-ի մոտ (թարմացվում է)

10:31 • 22.10.18

11։01


Խնդիրը կայանում է նրանում, որ օրենքն ընդունվել է և այդ օրենքը մտել է գործողության մեջ: Փաստացի, ունենք գործող օրենք և դա կանգնացնելու մեխանիզմ չկա. Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա իրականացնող  «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: 

Նրա խոսքով՝ կառավարությունը չի կարող գործող օրենքը կանգնեցնել, իսկ ԱԺ-ին օրենքի մեջ փոփոխություն անելու համար պահանջվելու է 2-3 ամիս ժամանակ: «Միակ ձևը դա որպես պահեստամաս ներմուծելն է կամ Վրաստանում վաճառելը»,- ասաց պատգամավորը: 

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ 150-ից ավելի մեքենաներ արդեն հատել են վրացական սահմանը և դրանք այլևս հնարավոր չէ հետ տանել Վրաստան ու վաճառել: 

«Վրաստանի մաքսային անցակետի հերթափոխի պետն ասում էր, որ վերադարձ չկա վրացական կողմ: Տրանզիտ մեքենաներն իրենց երկիր նորից հետ չի մտնելու»,- ասաց ակցիայի մասնակիցը: 

Հիշեցնենք, «Ղեկը աջ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացնում Ազգային ժողովի ծառայողական մուտքի մոտ: Վարորդների պահանջն անփոփոխ է, նրանք պահանջում են վերացնել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը։

 


-----------------------------------------------------------------------

«Ղեկը աջ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացնում Ազգային ժողովի ծառայողական մուտքի մոտ: Վարորդների պահանջն անփոփոխ է, նրանք պահանջում են վերացնել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը։

«Սահմանում գերի են մեր մեքենաները: Փորձում ենք գտնել տարբերակ մեր մեքենաները վերադարձնելու մեզ: Բոլորին ենք դիմում, ով այս հարցով կարող է օգնել մեզ: ԱԺ նիստ է լինելու այսօր, պատգամավորներն են գալու, նաև վարչապետն է մասնակցելու, դրա համար այստեղ ենք կազմակերպում ակցիան, որ փորձենք արձագանք ստանալ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները նշում են, որ խնդրի լուծման տարբերակներ ունեն, բայց իշխանությունները պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստեն:

Հիշեցնենք, որ 2018 թ. հունվարի 18-ին կառավարության որոշմամբ արգելվեց աջ ղեկով մեքենաների ներմուծումը: Սկզբում հայտարարվել էր, որ այս օրենքն ընդունվել է ժամանակավոր՝ մինչև հոկտեմբերի 1-ը, և վարորդներն արդեն գնել էին մեքենաներ, որ հոկտեմբերի 1-ից հետո արդեն աջ ղեկով մեքենաները ներկրեին Հայաստան։

Այժմ մոտ 150 մեքենա կանգնած է սահմանում, իսկ ավելի քան 2000 նոր գնված մեքենաներ Վրաստանում են: Օրեր առաջ աջ ղեկով մեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները, անհատները բողոքի ակցիա էին իրականացրել Բագրատաշենի անցակետում:

Ակցիայի մասնակիցներին մոտեցավ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Նա նշեց, որ աջ ղեկով մեքենաների հարցում օրենսդրական խնդիր կա:

«Լավ ծանոթ չեմ: Ես ինչքանով տեղեկացված եմ, օրենսդրական խնդիր կա: Ձեզ հավաքված տեսա, զանգահարել եմ նախարարին, խնդիրը հասկանամ հետո դուրս կգամ ձեզ մոտ»,- ասաց Ա. Սիմոնյանը: