Կրեմլը պարզաբանել է «միջուկային հարվածի» ու «դրախտում հայտնվելու» մասին Պուտինի խոսքերը
Ռուսաստանը երբեք առաջինը չի օգտագործի իր միջուկային ներուժը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով «Վալդայ» քննարկումների ակումբում նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը, գրում է lenta.ru-ն:
Պուտինը հոկտեմբերի 18-ին հայտարարել էր, որ ռուսական կողմը միջուկային զենք կկիրառի միայն այն դեպքում, երբ վստահ լինի, որ ինչ-որ մեկն իր տարածքին հարված է հասցնում: «Ագրեսորը պետք է իմանա, որ հակահարվածն անխուսափելի է, որ ինքը կոչնչացվի: Մենք՝ որպես ագրեսիայի զոհեր, որպես նահատակներ կընկնենք դրախտ: Իսկ նրանք ուղղակի կմեռնեն, որովհետև անգամ ապաշխարել չեն հասցնի»,- ասել է նա:
«Այնտեղ խոսքը ոչ թե դրախտի, կամ այն մասին էր, թե ով որտեղ կընկնի, այլ այն մասին, որ Ռուսաստանը դոկտրինի մակարդակով կանխարգելիչ հարվածի իրավունք չի վերապահում իրեն: Եվ դա է գլխավորը: Այսինքն՝ մեր դոկտրինում առաջին հարվածի իրավունք արձանագրված չէ»,- պարզաբանել է Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ միջուկային զենքը կարող է օգտագործվել այն դեպքում, երբ «մեր պետության գոյությունը սպառնալիքի տակ լինի»:










