Հավատում եմ, որ մեզ փոխարինելու եկողներին կհաջողվի անել ավելին. Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը պաշտոնից ազատվելու որոշում է կայացրել

17:50 • 22.10.18

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը պաշտոնից ազատվելու որոշում է կայացրել: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Կենտրոնի իմ շատ սիրելի՛ բնակիչներ,

Ստեղծված իրողության պատճառով, իմ կողմից ազնիվ կլինի, վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հեռանալը: Խորին շնորհակալություն եմ հայտնում ձեզ և բոլոր նրանց, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու: Ձեր հետ աշխատանքը և՛ հաճելի էր, և՛ պատասխանատու, և՛ պարտավորեցնող: Այս տարիների ընթացքում փորձել եմ ուժերիս ներածին չափով դրական հետք թողնել վարչական շրջանի ընդհանուր նկարագրի, և, որ ինձ համար շատ կարևոր է, ձեր հիշողության մեջ:

Հեշտ չի եղել, սակայն հպարտ կլինեմ, եթե արածիս մեջ ինչ-որ բան հաջողված համարեք:

Չարածիս համար անկեղծորեն հայցում եմ ձեր ներողամտությունը: Հավատում եմ, որ մեզ փոխարինելու եկողներին կհաջողվի անել ավելին:

Խաղաղություն մեր երկրին…

Աստված բոլորիս պահապան»,- գրել է Արա Սադոյանը: