43-ամյա տղամարդը գերեզմանատանը դանակով հարվածել է մեկ այլ քաղաքացու և փախուստի դիմել. ոստիկանություն
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։05-ին, ոստիկանության Մարտունու բաժնում մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 13.00-ի սահմաններում, Գեղհովիտ գյուղի գերեզմանատանն իր ներկայությամբ նույն գյուղի բնակիչ 1975 թ. ծնված Սմբատ Ը.-ն, առաջացած վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է 1973 թ. ծնված Արսեն Մ.-ի պարանոցի հատվածին և դիմել փախուստի:
Արսեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 14.45-ին, Սմբատ Ը.-ն բերման է ենթարկվել Մարտունու բաժին:
Հարուցվել է քրեական գործ: Նա ձերբակալված է:
Հանցագործության գործիք ծալովի դանակն առգրավվել է:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ shamshyan.com-ը, խոսելով դեպքի մասին, նշել էր, որ մինչ ոստիկաններն ու քննիչները կվնասազերծեին կասկածյալին, նա իր մոտ եղած հանցագործության գործիք հանդիսացող դանակով ինքնավնասում է կատարել ձեռքի դաստակի հատվածում։










