Գերմանիան Սաուդյան Արաբիային զենք չի վաճառի՝ ընդդիմադիր լրագրողի սպանության պատճառով. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արձագանքել է հեղինակավոր The Washington Post պարբերականի սաուդացի լրագրող Ջամալ Խաշուկջիի՝ Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում տեղի ունեցած աղմկահարույց սպանությանը՝ այն որակելով «հրեշավոր արարք»:
Ինչպես նշում է Russia Today-ը, Մերկելը հայտարարել է, որ պաշտոնական Բեռլինն այնքան ժամանակ զենք չի վաճառի Սաուդյան Արաբիային, քանի դեռ սպանությունը չի բացահայտվել:
«Քանի դեռ այն չի բացահայտվել, Սաուդյան Արաբիային զենքի վաճառք չի լինի: Ես շատ վճռական եմ այս հարցում, ու վստահեցնում եմ ձեզ, որ հենց այդպես էլ լինելու է»,-հայտարարել է Մերկելն Օրտենբերգում հանրահավաքի ժամանակ:
Աղբյուրը նկատում է, որ Սաուդյան Արաբիան Գերմանիայից զենքի գնման ծավալներով երկրորդ խոշոր երկիրն է: Այս տարի երկրների միջև կնքվել էր զենքի՝ 416,4 մլն եվրոյի պայմանագիր:
Ավելի վաղ tert.am-ը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի ակտիվ քննադատ Խաշուկջիին խեղդամահ են արել խուճապի նոպայի ժամանակ: Սկզբնապես նախատեսված չի եղել սպանել լրագրողին: Թագավորությունը Թուրքիա է ուղարկել 15 մարդու, որոնք պետք է Խաշուկջիին համոզեին տուն վերադառնալ: Հանդիպման ժամանակ նրանք սկսել են սպառնալ նրան, խոստացել առևանգել: Լրագրողը դիմադրություն է ցույց տվել, օգնություն կանչել, ինչից թիմը սկսել է խուճապի մատնվել: Խաշուկջիին փորձել են լռեցնել, սակայն փորձը ողբերգությամբ է ավարտվել:
Սխալը թաքցնելու համար մարդասպանները նրա մարմինը փաթաթել են գորգի մեջ, դուրս բերել շենքից հյուպատոսական մեքենայով և փոխանցել «տեղացի համախոհի»՝ Ստամբուլի բնակչի:
Հանցագործության մասնակիցներից մեկը հյուպատոսարանից դուրս է եկել լրագրողի հագուստով, որպեսզի տեսահսկման համակարգի տեսախցիկները ֆիքսեն՝ ինչպես է լրագրողը լքում շենքը:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշուկջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ The Washington Post-ի սաուդացի թղթակցի հետ պատահածի համար մեղավորներին սպասվում են «շատ ծանր» հետևանքներ:










