ՀՅԴ-ն հրաժարվել է ԸՕ-ում փոփոխությունների փաթեթն ԱԺ բերելու նպատակով արտահերթ նիստի համար ստորագրահավաքին միանալուց. Ն. Զոհրաբյան
ՀՀ ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները ստորագրահավաք էին նախաձեռնել հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը կրկին ԱԺ բերելու համար:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Ելք» խմբակցությունը ստորագրել է, «Դաշնակցություն» խմբակցությունը հրաժարվել է ստորագրելուց և որպես համահեղինակ հանդես գալուց՝ պատճառաբանելով, որ 3 առանցքային առաջարկություններ են ունեցել, որոնք չեն ընդունվել, բայց ՀՅԴ-ում շեշտել են, որ կմասնակցեն քվեարկությանը:
«Ստորագրող պատգամավորների թիվն ավելի քան բավարար է, անհարժեշտ է 27 ստորագրություն, 20 պատգամավոր արդեն ստորագրել է, ստորագրողներ, վստահ եմ, էլի կլինեն, երկուշաբթի, համոզված եմ, կլինի արտահերթ նիստ»,-շեշտեց նա:
Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ստորագրահավաքին մասնակցել են նաև ՀՀԿ խմբակցության պատգամավորներ, խոսքն այն պատգամավորների մասին է, որոնք ավելի վաղ միացել էին նաև դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու հայտարարության տակ:
«Օրինակ՝ Մարտուն Գրիգորյանն է ստորագրել, Շիրակ Թորոսյանը, Տաճատ Վարդապետյանը կստորագրի, կարծում եմ՝ էլի կլինեն ստորագրողներ»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ամեն ինչ կանեն, որ իրենց խմբակցությունից բացակայողներ չլինեն: Նա ընդգծեց, որ խմբակցությունից երկրում չէ միայն Հրանտ Մադաթյանը, ով անձնական հարցերով Ղրիմում է գտնվում, կփորձեն այդ խնդիրն էլ լուծել:










