Սաուդյան Արաբիան պարտավորվում է ամբողջական հետաքննություն անցկացնել Խաշուկջիի մահվան հանգամանքները բացահայտելու համար. նախարար

16:07 • 23.10.18

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրը հայտարարել է, որ իշխանությունները կանեն անհրաժեշտ ամեն բան սաուդցի լրագրող Ջամալ Խաշուկջիի հետ պատահածի կրկնությունն ապագայում բացառելու համար, փոխանցում է Al-Arabia հեռուստաալիքը:

«Կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ երաշխավորելու համար, որ այն, ինչ պատահեց, չի կրկնվի», - ասել է նախարարը:

Նա հաստատել է, որ Սաուդյան Արաբիան պարտավորվում է ամբողջական հետաքննություն անցկացնել Խաշուկջիի մահվան հանգամանքները բացահայտելու համար:

Ջուբեյրը հավելել է, որ սաուդցի լրագրողի մահվան համար պատասխանատու բոլոր անձինք կձերբակալվեն:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում:

Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշուկջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:

Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը մահացել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով: