Միլիարդատեր Ջորջ Սորոսի տան փոստարկղում ռումբ է հայտնաբերվել

09:35 • 23.10.18

Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի՝ Ուեսթչեսթերում գտնվող առանձնատան փոստարկղում ռումբ է  հայտնաբերվել, գրում է The New York Times-ը՝ հավելելով, որ Սորոսն աջակողմյան խմբավորումների «ամենանախընտրելի թիրախներից է»:

Ոստիկանությունից արդեն հաստատել են, որ միլիարդատիրոջ տան մոտակայքում ռումբ է հայտնաբերվել: Իրավապահները մանրամասնել են, որ այն չի պայթել. մասնագետները զգուշությամբ այն վնասազերծել են:

Հայտնի է, որ փաթեթի մեջ դրված պայթուցիկը հայտնաբերել է տան աշխատողներից մեկը, որը բացել է փաթեթն ու այնտեղ ռումբ տեսել: Այնուհետև նա փաթեթը վայր է դրել ու ոստիկանություն կանչել:

Նշվում է, որ Սորոսն այդ պահին տանը չի եղել:

Աղբյուրը նշում է, որ ծագումով հունգարացի Սորոսը, որն իր ահռելի կարողությունը կուտակել է «հեջ ֆոնդի» միջոցով, այժմ զբաղվում է բարեգործությամբ ու քաղաքական ակտիվիզմով: Նա միլիարդավոր դոլարների աջակցություն է տրամադրում դեմոկրատներին ու ամբողջ աշխարհում ժողովրդավարական արժեքների առաջխաղացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերին:

Սորոսի նման վարքագիծը նրան պահպանողական խմբերի ու հակասեմական ուժերի «թիրախ» է դարձրել:

 

Police responded to the scene outside the investor's residence in Katonah, New York