Սիրիայում թրաֆիքինգով զբաղվող հանցախումբ են ձերբակալել
Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է Դամասկոսում թրաֆիքինգով զբաղվող հանցախմբի ձերբակալման մասին, փոխանցում է РИА Новости-ն: Հանցախումբը զբաղվում էր մարդկանց առևտրով և ստիպում էր նրանց սեռական ծառայություններ մատուցել, ասվում է վարչության մամուլի հաղորդագրության մեջ:
Նախարարության տվյալներով՝ թրաֆիքինգի դեմ պայքարի գլխավոր ստորաբաժանումը տեղեկություն է ստացել, որ Դամասկոսի թաղամասերից մեկում վարձակալված բնակարանում հանցախումբ է գործում՝ մի կնոջ գլխավորությամբ:
«Տեղեկություն է ստացվել, որ այս հանցախմբի մոտ եղել է մի քանի կին, որոնց նրանք շահագործում էին և ստիպում մարմնավաճառությամբ զբաղվել՝ նյութական շահից ելնելով», - նշվում է հաղորդագրության մեջ:
Գործողությունների շրջանակում բնակարանում ձերբակալվել է մի կին, որը խոստովանել է, որ հանցախմբի պարագլուխն է: Բացի այդ, ձերբակալվել են ևս երեք կին և մի տղամարդ:
Ձերբակալված կանայք խոստովանել են, որ մարմնավաճառությամբ են զբաղվել: «Պարզվել է՝ նրանցից ոմանց փնտրում են հարազատները: Բացի այդ, նրանք փնտրվում էին կողոպուտների և թմրանյութերի օգտագործման համար, իսկ ձերբակալված տղամարդը՝ նաև զինվորական ծառայությունից խուսափելու համար», - հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Ձերբակալված անձանց գործը դատարանում է:










