«ԵՄ ինստիտուտները սաուդցի լրագրողի սպանության հարցում չպետք է ներգրավվեն կասկածելի քաղաքական խաղերի մեջ». Տուսկ

15:17 • 24.10.18

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրման կարիք ունեն, գրում է «РИА Новости» գործակալությունը:

«Սպանության բոլոր դետալները պարզաբանման կարիք ունեն՝ անկախ նրանից, թե ով է դրա հետևում կանգնած»,- ասել է Տուսկը:

Նրա խոսքով՝ Եվրամիության ինստիտուտներն այս գործում չպետք է ներգրավվեն ինչ-որ կասկածելի քաղաքական խաղերի մեջ:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:

Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը մահացել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով: