Ռուսաստանում 22-ամյա երիտասարդը ցանկացել է տպավորություն գործել նոր ծանոթուհու վրա ու 90 վարդ է գողացել ծաղկի խանութից

17:13 • 24.10.18

Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Խանտի-Մանսիական ինքնավար շրջանում երիտասարդը 90 վարդ է գողացել ծաղկի խանութից՝ դրանք իր նոր ծանոթուհուն նվիրելու համար: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Յուգորսկ քաղաքում: Գողության մասին ահազանգ է ներկայացրել ծաղկի խանութի տերը: Վերջինս իր կրած կորուստը գնահատում է 14.000 ռուբլի:

Պարզվել է, որ ծաղիկներ գողացողը 22 տարեկան երիտասարդ է, որը սոցցանցերից մեկում ծանոթանալով աղջկա հետ՝ ցանկացել է տպավորություն գործել նրա վրա ու ծաղիկներ նվիրել:

Տղայի ցանկությունները հնարավորությունների հետ, ցավոք, չեն համընկել, և նյութական միջոցների բացակայության պատճառով նա որոշել է գողանալ վարդերը: Նոր ծանոթուհուն գրավել նրան այդպես էլ չի հաջողվել, քանի որ միջադեպից հետո իրավապահները ձերբակալել են 22-ամյա գողին: