Չինաստանում բժիշկները երիտասարդ տղամարդու կերակրափողից դուրս են բերել մեկ տարի առաջ կուլ տված գդալը  

22:38 • 25.10.18

Չինաստանի Սինցզյան նահանգի Ուրումչի քաղաքի հիվանդանոցներից մեկում բժիշկները երիտասարդ տղամարդու կերակրափողից 20 սմ երկարությամբ գդալ են հանել:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, բժիշկներն ապշել են՝ ռենտգեն հետազոտության միջոցով հայտնաբերելով կերակրափողում առկա օտար մարմինը: Բժշկի խոսքով՝ 26-ամյա երիտասարդը սպասքի պարագան կուլ է տվել մեկ տարի առաջ հարբած պահին ցուցադրած հնարքի ժամանակ:

Երիտասարդ տղամարդու խոսքով՝ մեկ տարի առաջ ինքը գրազ էր եկել, որ կկարողանա կուլ տալ չժանգոտող պողպատե գդալը, ապա դուրս քաշել այն դրան ամրացված թելով:

Այնուամենայնիվ, նրան չի հաջողվել դուրս բերել գդալը, սակայն բժշկի չի դիմել, քանի որ ցավեր չի ունեցել և կարողացել է կուլ տալ ջուրն ու ուտելիքը: Նա միայն վերջերս էր սկսել ցավ զգալ ուտելիքը կուլ տալիս: