Պետք չէ տպավորություն ստեղծել, որ ՀՀ-ում Կաթողիկոսի անվտանգությանն ինչ-որ բան է սպառնում. գործադիրը մերժեց Միհրան Հակոբյանի առաջարկած նախագիծը
ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին որոշման նախագիծը, և Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց նախագծին:
Նախագծի հեղինակն է ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը. դրանով առաջարկվում է օրենքով երաշխավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը, ինչպես երաշխավորված է ԱԺ նախագահի, վարչապետի, հանրապետության նախագահի անվտանգությունը:
«Օրենքի նախագծի ընդունման դեպքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվի օրենքով, ոչ թե վարչապետի հայեցողությամբ»,- ասաց Զեյնալյանը և նշեց, որ Կառավարությունն առաջարկում է օրենքի հոդվածները թողնել անփոփոխ:
Հարցին արձագանքեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ կարծում է, թե ընդհանուր առմամբ նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա, որովհետև Կառավարությունն ի վիճակի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունն ապահովել:
«Պետք չէ, այսպես ասած, տպավորություն թողնել, որ Հայաստանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությանը ինչ-որ բան սպառնում է, և եթե կա այդպիսի ընկալում, դա սխալ ընկալում է»,- ասաց նա և նշեց, որ իրավիճակները պետք չէ մեկնաբանել այլ կերպ, քան դրանք կան:
«Կարծում եմ, որ իսկապես տեղին չէ, և եթե անհրաժեշտություն լինի, բնականաբար, այդ հարցը ես ինքս պատրաստ եմ քննարկել և ըստ անհրաժեշտության որոշում կայացնել. դրա համար օրենքի անհրաժեշտություն չեմ տեսնում: Առավել ևս, օրենքը բարձրաստիճան պետական պաշտոնյաների մասին է, և ես չեմ կարծում, թե կոռեկտ է Ամենայն Հայոց Կաթողիկոսին համարել պետական բարձրաստիճան պաշտոնյա և դնել պետական կառավարման համակարգի աստիճանականության մեջ»,- ասաց նա:










