Դա ստվերում է երկրի հեղինակությունը. Արյունաբանական կենտրոնը միացել է Նարեկ Վանեսյանի պահվածքի պատճառով վարչապետին դիմած անվանի բժիշկների բողոքին
Լուսանկարում Նարեկ Վանեսյանն է
Ցավ ենք ապրում կատարվածի համար, խստորեն դատապարտում ենք և միանում ենք մեր գործընկերների ողջամիտ և արդարացի գնահատականին։
Այս մասին ասվում է Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարության մեջ, որը ևս միացել է Հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանի անհավասարակշիռ վարքի պատճառով մի խումբ անվանի բժիշկների կողմից վարչապետին, կրթության և առողջապահության նախարարներին ուղղված նամակին:
«Առավոտյան լուրերից տեղեկացանք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած անընդունելի միջադեպի մասին: Կան համաշխարհային գիտական կոչումներ և պարգևներ, որոնց հոտնկայս ընդունում է համայն մարդկությունը: Նոբելյան 2 մրցանակակիրներ այցելել են Հայաստան և հյուրընկալվել մեր մայր ԲՈՒՀ-ում…
Բժշկական համալսարանի կամարների տակ տեղի է ունենում անպատասխանատու մի միջադեպ, որը ոչ մի կերպ չի առնչվում բժշկի անվանը և կոչումին, ստվերում է մեր երկրի հեղինակությունը:
Ցավ ենք ապրում կատարվածի համար, խստորեն դատապարտում ենք և միանում ենք մեր գործընկերների ողջամիտ և արդարացի գնահատականին»,- նշված է բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ առողջապահական ոլորտի նորանշանակ տնօրեններից մեկը՝ Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանը, երեկ Բժշկական համալսարանում կայացած միջոցառման ընթացքում իրեն պահել է գռեհիկ ու առաջացրել է ներկաների զայրույթը: Վերջինս տեղից անընդհատ ռեպլիկներ է հնչեցրել՝ հրահրելով կոնֆլիկտային իրավիճակ:
Միջադեպի կապակցությամբ Երևանի պետական բժշկական համալսարանի մի խումբ պրոֆեսորներ, դոցենտներ, անվանի բժիշկներ և ուսանողներ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին՝ խնդրելով համարժեք գնահատական տալ այսօր ԵՊԲՀ–ում կայացած միջոցառման ժամանակ Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքին։
Հավելենք, որ Նարեկ Վանեսյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է, և տնօրեն է նշանակվել Թորոսյանի որոշմամբ:










