Ագրարային համալսարանի նախկին ռեկտորը 350 մլն դրամ կվճարի պետբյուջե, լուրջ խախտումներ ԵՊՀ-ում ևս կան. Դավիթ Սանասարյան

14:31 • 25.10.18

Վարչապետին կից պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցին տեղեկացրեց, որ Ագրարային համալսարանում ստուգումները վերջացրել են, իսկ Երևանի պետական համալսարանում ավարտի փուլում են:

«Ագրարային համալսարանի նախկին ռեկտորը համաձայնել է 350 մլն դրամ վճարել պետբյուջե պետությանը վնաս հասցնելու համար, և հիմա իրավապահների հետ փորձում ենք հասկանալ ճանապարհները»,-ասաց նա:

Ըստ Սանասարյանի՝ առաջիկայում ԵՊՀ-ում ևս կվերջացնեն ստուգումները: «Լուրջ խախտումներ ԵՊՀ-ում ևս կան, որևիցե բան չեմ կարող ասել, բայց նախնական տվյալներով՝ երկու անգամ կամ ավելի գերազանցելու է Ագրարային համալսարանում»,-ասաց նա:

Սանասարյանն ասաց, որ վարչապետի հանձնարարությամբ՝ ջրօգտագործողների ընկերություններում են ստուգումներ իրականացվում: «Արտաշատի ՋՕԸ-ում առաջինը կվերջացնենք և առանձին կներկայացնենք հանրությանը»,-ասաց նա:

Այս պահին, ըստ Սանասարյանի, ՔԿՀ-ներում, վարչությունում և «Աջակցություն դատապարտյալների» հիմնադրամում են անում ուսումնասիրություն: «Արդյունքների մասին կտեղեկացնենք»,-ասաց նա: