«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժշկի մասնակցությամբ ծեծկռտուքի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժշկի մասնակցությամբ ծեծկռտուքի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործի հարուցման մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից»,-ասաց Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել հոկտեմբերի 20-ին Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ստացված ահազանգի փաստով:
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ նշված կենտրոնից հայտնել էին, որ «կրծքավանդակի բութ վնասվածք, աջից 7-րդ, 8-րդ կողերի կոտրվածք, քթոսկրերի կոտրվածք, թոքերի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են , որ վիրավորը Երևան քաղաքի Նիզամու փողոցի բնակիչ, 49-ամյա Ջանիկ Եղիազարյանն է:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել իրենց շենքի բակից, որտեղ մի խումբ անձանց կողմից ծեծի է ենթարկվել:
Պարզվել է, որ Ջ. Եղիազարյանին իր ընկերների հետ ծեծի է ենթարկել Երևան քաղաքի Մանանդյան փողոցի բնակիչ, 33-ամյա Վիլեն Սիրեկանյանը:
Վ. Սիրեկանյանը աշխատում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ:










