Ֆրանսիայի առանձնատներից մեկից գողացվել է մոտ 80 հազար մարդու անձնական տվյալ պարունակող համակարգիչ
Գողերի խմբին հաջողվել է օրը ցերեկով Ֆրանսիայի առանձնատներից մեկից դուրս բերել 50 կիլոգրամանոց չհրկիզվող պահարան, որում պահվել են ընտանեկան զարդեր, Rolex բրենդի ժամացույցներ, 5 հատ iPad պլանշետ և լյուքս դասի ընկերությունների ղեկավարների և նրանց հաճախորդների՝ ընդհանուր ավելի քան 80.000 մարդու անձնական տվյալ պարունակող համակարգիչ, գրում է ria.ru-ն՝ ֆրանսիական Parisien թերթին հղումով:
Դեպքը տեղի է ունեցել Իլ դը Ֆրանս շրջանում:
Քննիչների համաձայն՝ օրը ցերեկով գնացքով ժամանած չարագործների թիրախը պատահական է ընտրվել: Նրանք ներխուժել են առանձնատուն՝ կոտրելով խոհանոցի պատուհանը:
Թերթի աղբյուրները պարզաբանել են, որ թալանված առանձնատունը գտնվում է բանուկ փողոցից հեռու:
Գողերը փախուստի են դիմել առանձնատան այգում կայանած MINI Cooper մակնիշի մեքենայով: Ինչպես նշում է թերթը, հասցված վնասը գնահատվում է 100 հազար եվրո:
Կատարվածի առնչությամբ տարվում է հետաքննություն:










