Խաշոգջիի սպանությունը կանխամտածված է եղել. Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ

17:36 • 25.10.18

Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ Մուաջիբը հայտարարել է, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը կանխամտածված է եղել, այս մասին հաղորդում է Al Arabia-ն:

Դատախազի խոսքով՝ նման եզրակացության առիթ են տալիս Թուրքիայի իրավապահների տրամադրած տեղեկությունները:

Մուաջիբը հավելել է, որ իրենք շարունակելու են աշխատել մինչև սպանության ամբողջական բացահայտումը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:

Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը մահացել է, ներկայացրած վարկածի համաձայն դա տեղի է ունեցել պատահաբար՝ հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով: 

Որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ էր դրվել վարկած, ըստ որի սպանված լրագրողն իր անձնական հաշիվներն է ունեցել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի հետ: Նշվել էր, որ արքայազնը ցանկացել է հայրենիք վերադարձնել իր հայտնի ընդդիմախոս Խաշոգջիին՝ փորձելով փոխհամաձայնության գալ ու լավ վարձատրվող աշխատանք առաջարկելով՝ նրան Էր Ռիադում պահել, մինչդեռ լրագրողը կտրականապես մերժել է նման առաջարկները: