Խաշոգջիի սպանության վերաբերյալ սաուդյան վարկածը վստահության արժանի չէ. Թերեզա Մեյ

10:33 • 25.10.18

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ կապված Սաուդյան Արաբիայի ներկայացրած վարկածը վստահության արժանի չէ, հաղորդում է RT հեռուստաալիքը:

Նշվում է, որ Մեյն այդ մասին ասել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդին՝ նրա հետ ունեցած հեռախոսային զրույցի ժամանակ:

Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Մեյը պնդել է, որ իրենց համար շարունակում է խիստ անհրաժեշտ մնալ իրավիճակի հստակ պարզաբանումը, քանի որ մինչ այս պահը ներկայացված պարզաբանումները վստահության արժանի չեն:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:

Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը մահացել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով: