Համաներման՝ «Սասնա Ծռերին» վերաբերող դրույթը կարող է կիրառման ճգնաժամ առաջացնել, անհրաժեշտություն կլինի դիմելու ՍԴ. փաստաբան (տեսանյութ)

21:23 • 25.10.18

Համաներման նախագծում «Սասնա Ծռերին» վերաբերող այն դրույթը, որ եթե պատանդառուն կամ տուժողն առարկեն ՊՊԾ գունդը գրաված անձանց նկատմամբ համաներում հայտարարելուն, ապա համաներման կիրառումը կարող է տարընթերցման տեղիք տալ: Ես կարծում եմ՝ և´ իրավական, և´ քերականական առումով այն խմբագրման կարիք ունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանը: Ըստ նրա` համաներում կիրառելու ընթացքում կարող է առաջանալ ՍԴ դիմելու անհրաժեշտություն:

«Եթե կիրառման ընթացքում դատարանը, դատախազը, քննիչը այստեղ խնդիր կտեսնեն և կիրառման ժամանակ կամայական մոտեցում կցուցաբերեն, ապա մենք օրենքի կիրառման առումով կունենանք ճգնաժամային վիճակ: Պատկերացրեք՝ անձը` դիցուկ տուժողներից մեկը,   հայտարարում է, որ դեմ է այդ քրգործերում մեղադրվող անձանց նկատմամբ օրենքի   կիրառմանը, և եթե դատարանն այս կամայական մոտեցմանն ընթացք պիտի տա, որոշումն ըստ ընթացակարգի կվիճարկենք, ընդհուպ մինչև Սահմանադրական   դատարան»,-մանրամասնեց Արայիկ Պապիկյանը:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք «Սասնա Ծռերի» բոլոր անդամնե՞րն են համարում, որ իրենց նկատմամբ պետք է համաներում կիրառվեր, օրինակ՝ Պավել Մանուկյանը    հայտարարել էր, որ իրենք հանցագործություն չեն կատարել, այլ ապստամբել են և   համաներման կարիք չունեն, Արայիկ Պապիկյանն ասաց.

«Գործի քննության առաջին օրվանից՝ և´ նախաքննության, և´ դատաքննության ընթացքում, ես՝ որպես փաստաբան, հայտարարել եմ, որ ապստամբելու իրավունքը բնական իրավունք է: «Սասնա Ծռերն» այդ իմաստով անպարտ է, ապստամբության իրավունքի իրացման դեպքում մեղադրական երգակցությունը բացառված է: Բայց, հաշվի առնելով այն իրողությունը, որ մեր ունեցած Սահմանադրությունը, դատական, դատախազական համակարգը, քննչական համակարգը՝ իրենց ամբողջական կառուցվածքով, մոտեցումներով, իրավակարգավորումներով նույն համակարգն է, ինչ մենք ունեինք 2016 -2017 թթ., որն այսօր էլ շարունակում է հերքել ապստամբության իրավունքի գոյությունը, այդ համակարգից    ակնկալել արդարացման դատական ակտ, միամտություն է, պարզապես անհնար է»,-նկատեց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչպիսի կարգավորում է լինելու Արայիկ Խանդոյանի   պարագայում, Արայիկ Պապիկյանն ասաց, որ օրենքը թույլ է տալիս մահացած անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և կարճելու, սակայն նրա   իրավահաջորդները դեռևս պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն:

«Նրանք դեռևս դատարանում չեն հայտարարել իրենց դիրքորոշումը, եթե ընդհանուր մոտեցում կլինի, որ պետք է օգտվեն համաներումից, ապա, հավանաբար, այդպես կլինի, բայց չեմ բացառում, որ ցանկություն կունենան պայքարելու Խանդոյանի նկատմամբ արդարացման դատական ակտի կիրառման համար»,-ընդգծեց նա:


Մանրամասները`տեսանյութում