Համաներման մասին նախագիծը հանվել է հոկտեմբերի 29-ի` ԱԺ արտահերթ նիստի օրակարգից
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ՝ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը հանվել է հոկտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգից:
Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով հոկտեմբերի 29-ի Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգից «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հանելու մասին արտահերթ նիստը նախաձեռնողների առաջարկը՝ որոշում եմ ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի նախագահի ՆՈ-22-Ն որոշումը»,-ասված է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Կառավարության՝ հոկտեմբերի 25-ի նիստում որոշում կայացվեց «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկել հոկտեմբերի 31-ին հրավիրվելիք Ազգային ժողովի արտահերթ նիստում: Ազգային ժողովի հոկտեմբերի 29-ի արտահերթ նիստի օրակարգում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը:










