ԱՄՆ Կենտուկի նահանգի սուպերմարկետներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր

03:59 • 25.10.18

ԱՄՆ Կենտուկի նահանգի Ջեֆերսոնթաուն քաղաքում սուպերմարկետների ցանցին պատկանող սուպերմարկետում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ: Այս մասին հաղորդում է CNBC հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը:

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հրաձգության մասին հաղորդումը ոստիկանությունը ստացել է հոկտեմբերի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 15:00-ի սահմաններում (երևանյան ժամանակով ժամը 23:00-ին):

Ոստիկանապետ Սեմ Ռոջերսի խոսքով՝ կասկածյալը մտել է սուպերմարկետ, որտեղ բախվել է մի տղամարդու և կրակ բացել նրա ուղղությամբ՝ կրակելով մի քանի անգամ: Այնուհետև նա դուրս է եկել հաստատությունից և գնդակահարել ավտոկայանատեղիում գտնվող մի կնոջ: Զոհերը մահացել են տեղում:

Ոստիկանապետը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալված է: Նրա խոսքով՝ հանցագործն ամենայն հավանականությամբ որևէ դրդապատճառ չի ունեցել և հրաձգությունը պատահական բնույթ է կրել: