Օրենքն արգելում է աջ ղեկով մեքենաների ներկրումը որպես տրանսպորտային միջոց, բայց կարող են որպես պահեստամաս ներկրել. տրանսպորտի նախարարի պաշտոնակատար

14:09 • 25.10.18

Օրենքն արգելում է աջ ղեկով մեքենաների ներկրումը որպես տրանսպորտային միջոց, բայց կարող են որպես պահեստամաս ներկրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

«Օրենքն արգելում է այդ մեքենաների ներկրումը Հայաստան՝ որպես տրանսպորտային միջոց: Կարծում եմ՝ սա  լուծման բազմաթիվ հնարավորություններ է տալիս, կարող են որպես պահեստամաս բերել»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Աջ ղեկով մեքենաների ներկրման և շահագործման վերաբերյալ Հակոբ Արշակյանը` որպես տրանսպորտի նախարարի պաշտոնակատար, կարծում է, որ ՀՀ երթևեկության կահավորանքը նախատեսված է ձախ կողմում ղեկ ունեցող մեքենաների համար:

Հարցին, թե հակված են աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելող օրենքը փոփոխության ենթարկել, Հ. Արշակյանը պատասխանեց, որ օրենքի փոփոխությունն իրենից կախված չէ: «Ես կարող եմ նախաձեռնելու քննարկումներ և արդեն նախաձեռնել եմ: Վաղը տեղի են ունենալու քննարկումներ, հրավիրվելու են և՛ գերատեսչությունների, և՛ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2018 թ. հունվարի 18-ին կառավարության որոշմամբ արգելվեց աջ ղեկով մեքենաների ներմուծումը: Սկզբում հայտարարվել էր, որ այս օրենքն ընդունվել է ժամանակավոր՝ մինչև հոկտեմբերի 1-ը, և վարորդներն արդեն գնել էին մեքենաներ, որ հոկտեմբերի 1-ից հետո արդեն աջ ղեկով մեքենաները ներկրեին Հայաստան։ 

Այժմ մոտ 150 մեքենա կանգնած է հայ-վրացական սահմանում, իսկ ավելի քան 2000 նոր գնված մեքենաներ Վրաստանում են:

Օրեր առաջ աջ ղեկով մեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները, անհատները բողոքի ակցիա էին կազմակերպել Բագրատաշենի անցակետում: