ՄԻԵԴ-ը հրաժարվել է Մուհամեդ մարգարեին վիրավորելը համարել խոսքի ազատության իրավունքի խախտում

18:28 • 25.10.18

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարում է, որ մահմեդական աշխարհի համար առանցքային նշանակության սուրբ հանդիսացող Մուհամեդ մարգարեին վիրավորելը չի տեղավորվում խոսքի ազատության իրավունքի սահմաններում և հետևաբար՝ պատժելի է: Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով ՄԻԵԴ-ի վերջին վճիռը, որով կառույցը մերժել է Ավստրիայի քաղաքացու բողոքը Մուհամեդ մարգարեին վիրավորելուց հետո դատարանի որոշմամբ դրամական տույժի ենթարկվելու վերաբերյալ:

ՄԻԵԴ-ը կայացրած վճռում ընդգծել է, որ մարգարեին «մանկապիղծ» անվանած ավստրիացին հատել է օբյեկտիվ բանավեճի սահմաններն ու վիրավորանք պարունակող խոսքային հարձակում իրականացրել տուժող անձի նկատմամբ: Այս ամենը հիմք ընդունելով՝ դատարանը մերժել է ավստրիացու բողոքն իր հանդեպ սահմանված դրամական տույժի մասին որոշումը չեղարկելու վերաբերյալ:

Ավելին՝ ՄԻԵԴ-ում համոզված են, որ այս տեսակի վիրավորանքները ոչ միայն խոսքի ազատության իրավունքի հետ կապ չունեն, այլև վտանգում են Ավստրիայում գործող կրոնական ազատությունները: