Բոլթոնը Թբիլիսի այցը դրական և արդյունավետ է գնահատել

16:10 • 26.10.18

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ճեպազրույցի ժամանակ Թբիլիսի կատարած այցը դրական և արդյունավետ է գնահատել, գրում է «РИА Новости»-ին:


Այս ուրբաթ Բոլթոնը երկօրյա այցով ժամանել է Թբիլիսի: Նա հանդիպումներ է ունեցել երկրի վարչապետի և նրա անվտանգության հարցերով թիմի հետ: Կողմերը քննարկել են երկրների միջև ռազմավարական համագործակցությանը և տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ հարաբերություններին: Նա նաև վերահաստատել է, որ ամերիկյան կողմը չի փոխել իր ամուր դիրքորոշումը և շարունակում է աջակցել Վրաստանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:


Ավելի վաղ ռուսական «Газета» պարբերականն իր անդրադարձում գրել էր, որ Ջոն Բոլթոնը Վրաստան է ժամանել այդ երկրում նախագահական ընտրություններից ընդամենը երկու օր առաջ, թեև հաշվի առնելով, որ սրանք վերջին համաժողովրդական նախագահական ընտրություններն են երկրում՝ Վաշինգտոնն առանձնապես մեծ հետաքրքրություն դրանց հանդեպ չի դրսևորում: 


«Այցի ընթացքում Բոլթոնը պետք է համոզի պաշտոնական Թբիլիսիին նվազեցնել տնտեսական հարաբերությունները Թեհրանի հետ: Իրանն այսօր ակտիվ ներդրումներ է անում Վրաստանում՝ այն դիտարկելով որպես առևտրային ճանապարհի կարևոր մաս Կովկասի հարավում: ԱՄՆ-ն ցանկանում է քանդել այդ կապերը»,- նշել էր Վաշինգտոնում գործող Gulf State Analytics կենտրոնի փորձագետ Թեոդոր Կարասիկը:


Հիշեցնենք, որ մինչ Վրաստան մեկնելը Բոլթոնը եղել է Հայաստանում ու Ադրբեջանում: