Արարատ Միրզոյանը կապի մեջ է ՀՀԿ-ից հեռացած պատգամավորների հետ, երկուշաբթի ԸՕ փոփոխությունների հետ կապված ամեն ինչ նորմալ կլինի. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)

20:36 • 26.10.18

ՀՀԿ-ն իրականում որևէ ազդեցություն չունի Ընտրական օրենսգրքի  փոփոխությունների գործընթացի վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Ըստ նրա` Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հոկտեմբերի 22-ին ՀՀԿ խմաբակցությունը չի տապալել: Նա նշեց, որ երկուշաբթի օրը ևս ԸՕ փոփոխությունների նախագծի հետ կապված ՀՀԿ-ն դերակատարություն չի ունենա:

«Դա տապալվեց այն պատճառով, որ մարդիկ, ովքեր խոստացել էին, ներկա չգտնվեցին, նույն ՀՀԿ խմբակցությունից դուրս եկածները հոգին, «Ծառուկյան» խմբակցությունից՝ մի քանի հոգի, ՀՅԴ-ից՝ մի հոգի: Հույս ունեմ, որ այս անգամ նրանք իրենց խոստումը չեն դրժի: Հիմա արտահերթին ընդառաջ Արարատ Միրզոյանը կապի մեջ է այդ պատգամավորների և խմբակցությունների հետ, կարծում եմ` ամեն ինչ նորմալ կլինի»,-շեշտեց նա:

Գևորգ Գորգիսյանն ասաց, որ երկուշաբթին սարերի հետևում չէ, և հասկանալի կլինի, թե այն անձինք, ովքեր ժամանակին միացել էին ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հայտարարությանը, ինչպես կանեն:


Գևորգ Գորգիսյանն ասաց, որ անկախ ԸՕ փոփոխություններից նոր խաղի կանոններ սահմանված են, անկախ նրանից, որ հին օրենսգրքով ընտրությունների գնալու պարագայում գործելու է մեծամասնական համակարգը, բայց ընտրակեղծարարություն, ճնշում, կաշառք, լծակների կիրառում չի լինելու:

«Գործարարները չեն մասնակցելու այս ընտրությանը, այն օլիգարխները, ովքեր հիմա կան խորհրդարանում, հիմնականում ՀՀԿ-ի ձայն բերողներն են, հիմա ՀՀԿ-ի հետ չեն»,-շեշտեց նա:

Գևորգ Գորգիսյանն ասաց, որ խնդիրները պայմանավորված չեն եղել ԸՕ համակարգով, օրենքով, այլ օրենքից դուրս խաղի կանոններով:

Գևորգ Գորգիսյանն անդրադարձավ նաև ընտրությունների մասնակցության ձևաչափին՝ ասելով, որ չի կարծում, որ «Լույս» դաշինքի ցուցակում չենք տեսնի նախկին որևէ ՀՀԿ-ականի: Թե ով կգլխավորի ցուցակը, Գևորգ Գորգիսյանը չասաց՝ հավելելով, որ ըստ իրեն՝ այդ մասին խոսելը կոռեկտ չի լինի:

Ինչ վերաբերում է իրենց գրպանային ընդդիմության լինելու մասին խոսակցություններին, ապա Գորգիսյանն ասաց.

«Պարոն Փաշինյանը գիտի` բնույթով անկառավարելի ենք, որևէ մեկի գրպանում տեղավորվել չենք կարող»:

Պատգամավորը շեշտեց, որ գնում են խորհրդարան 2-րդ ուժ-ը լինելու համար, անհրաժեշտ բոլոր ռեսուրսներն ունեն: