Սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի ավագ որդին լքել է Սաուդյան Արաբիան. AP

03:31 • 26.10.18

Թուրքիայում սպանված սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի ավագ որդին՝ Սալահ բեն Ջամալ Խաշոգջին լքել է Սաուդյան Արաբիան և մեկնել ԱՄՆ: Ինչպես գրում է TACC-ը, այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցչին:

HRW-ի մերձավորարևելյան բաժանմունքի գործադիր տնօրեն Սառա Լի Ուիթսոնի խոսքով՝ լրագրողի որդին ընտանիքի անդամների հետ հինգշաբթի լքել է Էր Ռիադը և ուղևորվել ԱՄՆ այն բանից հետո, ինչ նրան թույլ են տվել լքել թագավորությունը:

Խաշոգջիի ավագ որդին ունի ինչպես Սաուդյան Արաբիայի, այնպես էլ ԱՄՆ-ի քաղաքացիություն: Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ Սալահը լքել է Սաուդյան Արաբիան, սակայն նրա գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէր: Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ նախկինում Խաշոգջիի որդին չէր կարող լքել թագավորությունը, քանի որ ամիսներ առաջ իշխանությունները սահմանափակումներ էին սահմանել նրա անձնագրի համար: