5 դրամով էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու համար անհրաժեշտ է 27 մլրդ դրամ, իսկ գազի սակագինը իջեցնելու համար՝ 17 մլրդ դրամ. Միքայել Մելքումյան
Հայաստանում գազի փոխադրումների և բաշխման ժամանակ կորուստները ոչ թե ցածր են, ինչպես ամբողջ աշխարհում է, այլ հակառակը՝ բարձր են: Այս մասին Ազգային ժողովի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի 2-րդ նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
«Շատ կարևոր է սակագնի սահմանման ժամանակ կորուստների չափը. եթե այն ավել է, նայենք՝ ինչ է կատարվում, փոխենք, քանի որ մեկ տոկոս կորուստը 20 միլիոն խորանարդ մետր գազ է, բազմապատկում ենք սակագնով, անում է 100 միլիոն»,- ասաց Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ հանձնաժողովում պետք է հասկանան՝ գազատարի հետ կապված ի՞նչ է կատարվում, ու դրա համար մեկ-երկու փակ նիստ կհրավիրեն։
Միքայել Մելքումյանի խոսքով՝ հայ-ռուսական ստորագրված փաստաթղթերը ևս վերանայման կարիք ունեն: Մասնավորապես, դրանցից մեկում նշվում է, որ «Գազպրոմի» շահութաբերությունը պետք է ապահովվի, և, օրինակ, եթե Հայաստանում փորձ է արվում այլընտրանքային էներգիան զարգացնել, ինչ-որ մի X պահից դա կսկսի հակասել գազամատակարար ընկերության շահերին:
Միքայել Մելքումյանը նշեց, որ այսօր առավոտյան հետաքրքիր զրույց է ունեցել էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ, քննարկել են հետաքրքիր մի հարց, որ, երբ ժամանակին գազի սակագինը 1000 խորանարդ մետրի դիմաց 189 դոլար էր և 24 դոլարով այն իջավ, հանձնաժողովը խնայված գումարը՝ 5.6 միլիարդ դրամը, որ մնացել է «Գազպրոմում», հետագայում չի ձևակերպել որպես ներդրում: Ինչը, իհարկե, ըստ Մելքումյանի, «ցավին դարման չի տալիս»: Իսկ այն, որ չի ձևակերպվել, լավ է, քանի որ ներդրումները որպես կանոն հետագայում բեռ են դառնում բնակչի համար՝ ներառվելով սակագնի մեջ:
Մելքումյանը հավելեց, որ գազի սակագինը 5 դրամով նվազեցնելու համար անհրաժեշտ է 17 մլրդ դրամ։
Նա նաև մեկ դիտարկում արեց, որ անհուսալի դեբիտորների մասով հիմնական գումարները «Նաիրիտով» են պայմանավորված, քանի որ քիմիական համալիրում էլետրաէներգիայի անջատումն արգելված է, անգամ եթե ձեռնարկությունը պարտքեր ունի:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի կորուստներին, ապա նա ասաց, որ կորուստները կազմում են 11,02 տոկոս, և երբ հաջորդ շաբաթ կներկայացվի ՀԷՑ-ի ներդրումային փաթեթը, այդտեղ արդեն արտացոլված կլինի նոր պատկեր։
«Ամեն դեպքում, հարցն ուսումնասիրվել է, և 5 դրամով էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու համար անհրաժեշտ է 27 մլրդ դրամ:
Հիշեցնենք, որ նախորդ նիստին Միքայել Մելքումյանը հայտարարել էր, որ 10-15 տարի խոսում ենք, որ հիմա էլեկտրաէներգիայի ու գազի սակագների իջեցման մասին խոսելու ժամանակը չէ, հակառակը՝ հիմա իսկական ժամանակն է:










