ՀՀԿ-ն պատրաստ է լինել նաև փոքրամասնություն, մենք մտնում ենք ԱԺ՝ մեր դեմքը ցույց տալու, վերականգնվելու համար. Վահրամ Բաղդասարյան

13:48 • 26.10.18

Առաջիկա օրերին մենք համաժողով կունենանք և ընտրություններին մեր մասնակցության մասին հայտարարություն կանենք, իսկ ցուցակի հնգյակը, քառյակը կամ տասնյակը մենք չենք քննարկել։ ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին ասաց «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«ՀՀԿ» խմբակցության ղեկավարը չհստակեցրեց, թե հնարավո՞ր է, որ նախընտրական ցուցակը գլխավորի կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը. «Որևէ բան առայժմ չենք կարող ասել, որովհետև այդ հարցի քննարկումը կանենք առաջիկա օրերին»։

Ըստ նրա՝ միանշանակ ցուցակը լինելու է քաղաքական։ «Մեր մասնակցության դեպքում ցուցակը պետք է լինի քաղաքական ցուցակ, միանշանակ, միայն այդքանը կարող եմ ասել, մեր ցուցակը պետք է լինի ընդդիմությանը հարիր ցուցակ»,-ասաց նա և հավելեց, որ ՀՀԿ-ի նպատակն է խորհրդարանական երկրին հարիր քաղաքական խորհրդարան ձևավորելը։

«Մեզ համար գերնպատակ չի եղել լինել իշխանություն կամ ընդդիմություն, քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն թե՛ ընդդիմություն, թե՛ իշխանություն լինելուն, ՀՀԿ-ն եղել է մեծամասնություն և պատրաստ է լինել նաև փոքրամասնություն։ Մենք մտնում ենք ԱԺ՝ մեր դեմքը ցույց տալու, վերականգնվելու համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ընտրվելու դեպքում ՀՀԿ-ն լինելու է արմատական և կառուցողական ընդդիմություն, որը դրականը նկատելու է։