Հունաստանի ափերի մոտ 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

04:29 • 26.10.18

Հունաստանի ափերի մոտ 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Life.ru-ն՝ ԱՄՆ երկրաբանական ծառայությանը հղումով:

Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.6 մագնիտուդ, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը՝ Զակինթոս կղզու վրա գտնվող Լիթակիա գյուղից 32 կմ հեռավորության վրա:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են ոչ միայն Հունաստանի տարածքում, այլև Ալբանիայում, Մալթայում, Մակեդոնիայում և Հոնիական ծովում:

Երկրաշարժի պատճառով որոշ ինքնաթիռներ, որոնք պետք է վայրէջք կատարեին Աթենքում, ստիպված են եղել փոխել թռիչքի ուղղությունը:

Հաղորդվում է, որ երկրաշարժից կես ժամ առաջ դրա էպիկենտրոնից 5 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցում:

Երկրաշարժի հետևանքով տուժածների ու ավերածությունների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: