Թրամփը Պուտինին Սպիտակ տուն է հրավիրել. Բոլթոն
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին պաշտոնապես Սպիտակ տուն է հրավիրել:
Ինչպես նշում է Reuters-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
«Մենք նախագահ Պուտինին Վաշինգտոն ենք հրավիրել»,- Վրաստանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բոլթոնը:
Խորհրդականը մանրամասնել է, որ ամերիկյան կողմը Պուտինին հրավիրել է հաջորդ տարի Վաշինգտոն այցելել: Հրավերը փոխանցել է Բոլթոնը՝ մի քանի օր առաջ Մոսկվա կատարած այցի ժամանակ:
Այնուհանդերձ՝ հայտնի չէ՝ արդյոք Պուտինն ընդունել է հրավերը:
ՌԴ նախագահը վերջին անգամ ԱՄՆ-ում երկրի նախագահի հետ հանդիպում է ունեցել 2015թ.՝ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակ:
Աղյուրը հավելում է, որ մի քանի ամիս առաջ Թրամփը Պուտինին Վաշինգտոն հրավիրելու ցանկություն էր հայտնել, սակայն դեմոկրատները, ինչպես նաև մի շարք հանրապետականներ քննադատել էին գաղափարը՝ նշելով, որ «Պուտինը թշնամի է ու Սպիտակ տուն մուտք գործելուն արժանի չէ»:
Նշենք, որ երկու պետությունների ղեկավարները կհանդիպեն նոյեմբերի 11-ին՝ Փարիզում: Բոլթոնի փոխանցմամբ՝ հանդիպումը կարճ է լինելու:










