Պրիմորյեի երկրամասում կամուրջ է փլուզվել, կա զոհ (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Պրիմորյեի երկրամասում ճանապարհային կամուրջ է փլուզվել, այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային վարչությանը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Օսինովկա գյուղական համայնքի մոտակայքում, կամուրջը փլուզվել է այն պահին, երբ դրանով ծանր բեռնատար է անցել: Ըստ նախնական տվյալների՝ հենց բեռնատարի ծանրությունն էլ դարձել է փլուզման պատճառ:
Հայտնի է, որ բեռնատարի վարորդը մահացել է: Առայժմ հայտնի չէ, թե որքան մարդ է եղել մեքենայի մեջ, բեռնատարի ետնամասը դեռ շարունակում է կախված մնալ կամրջից: Դեպքի առթիվ ստուգումներ են իրականացվում:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով Օսինովկա համայնքի կապն այլ բնակավայրերի հետ չի կտրվել, ոստիկանությունը կազմակերպել է տարածքի շրջանցում այլ մեքենաների համար:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:










