Սպիտակ տունը հերքել է Թրամփի երեք հեռախոս ունենալու ու չինական և ռուսական հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսվելու մասին լուրերը

10:23 • 26.10.18

Սպիտակ տունը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսի գաղտնալսումների մասին The New York Times պարբերականում տեղ գտած աղմկահարույց հոդվածը:

Ինչպես գրում է «РИА Новости» գործակալությունը, Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Գիդլին հավաստիացրել է, որ Թրամփն ունի ընդամենը մեկ՝ աշխատանքային iPhone, որը պարբերաբար ստուգվում ու համապատասխանում է անվտանգության բոլոր նորմերին:

Ըստ The New York Times-ում հրապարակված տեղեկության՝ Թրամփն օգտվում է երեք տարբեր հեռախոսներից, նշվում է, որ իր հին ընկերների հետ խոսելու ու, այսպես ասած, բամբասելու համար նա զանգահարում է անձնական բջջային հեռախոսով: Ըստ հոդվածագրի՝ ամերիկյան հետախուզական ծառայությունները պարզել են, որ ռուսական ու չինական հատուկ ծառայությունները հաճախ գաղտնալսում են ԱՄՆ նախագահին, ինչն էլ հնարավորություն է տալիս նրանց հասկանալու, թե ինչպես է աշխատւոմ Թրամփն ու ինչպես կարելի է ազդել նրա քաղաքականության վրա:

«Հոդվածը ոչ ճշգրիտ տեղեկություն է նախագահի բջջայինի ու դրա կիրառման մասին: Նախագահը երեք հեռախոս չունի: Նա ունի մեկ պաշտոնական iPhone», - ասել է Գիդլին:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ամերիկյան պարբերականում տեղ գտած հոդվածը, նշել էր, որ Կրեմլում դրան հումորով են վերաբերվում: