Հունաստանում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո Միջերկրական ծովում ցունամիի վտանգ է հայտարարվել
Հունաստանի ափերի մոտ տեղի ունեցած 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Միջերկրական ծովում ցունամիի վտանգ է հայտարարվել, հաղորդում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Կենտրոնի թվիթերյան էջում ասվում է, որ ծովում նկատվել են ջրի մակարդակի փոփություններ և ցունամիի վտանգը հաստատվում է: Նշվում է, որ այս պահի դրությամբ ալիքների բարձրությունը կազմում է 20 սմ, սակայն ափին մոտենալով դրանք կտրուկ մեծանում են: Կենտրոնի մասնագետները կոչ են անում մարդկանց շտապ լքել լողափն ու ափամերձ գոտիները:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Հունաստանի ափերի մոտ հզոր երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է ոչ միայն Հունաստանի ամբողջ տարածքում, այլև Ալբանիայում, Մալթայում, Բուլղարիայում, Իտալիայում, Մակեդոնիայում, Թուրքիայում, Լիբիայում, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինայում: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Աթենքից 287 կմ արևմուտք, օջախը՝ 10 կմ խորության վրա:










