Վաշինգտոնում կասկածելի կապոցի պատճառով տարհանվել են որոշ ռադիոկայանների խմբագրություններ
Հինգշաբթի՝ հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնի հյուսիարևմտյան հատվածում գտնվող շենքերից մեկից տարհանվել են այդտեղ գործող ռադիոկայանների խմբագրությունները: Ինչպես հաղորդում է TACC-ը՝ հղում անելով Fox News հեռուստաալիքին, տարհանման պատճառը կասկածելի կապոցի մասին հաղորդագրություններն էին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ WMAL և մի քանի այլ ռադիոկայանների խմբագրությունները, որոնց գրասենյակները գտնվում են Friendship Heights-ի մետրոյի հարևանությամբ, տարհանվել են տեղական ժամանակով ժամը 16:13-ին (երևանյան ժամանակով հոկտեմբերի 26-ին ժամը 00:13-ին):
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին անհայտ անձինք պայթուցիկ սարքեր էին ուղարկել Նյու Յորքի «Թայմս-Ուորներ» կենտրոն, ինչպես նաև Բարաք Օբամային և Բիլ ու Հիլարի Քլինթոններին, ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ջոն Բրենանին և մի քանի այլ գործիչների:










