Ըստ տեղեկությունների՝ Եղեգնուտի համայնքապետը գումար է յուրացրել զոհված ազատամարտիկների գերեզմանների վերանորոգման համար նախատեսված բյուջեից

12:13 • 26.10.18

Ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի կողմից յուրացումներ կատարելու վերաբերյալ:

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ նման տեղեկություններ ստացվել են, որոնք ստուգվում են. «Հոկտեմբերի 24-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարը 2017-2018 թթ. ընթացքում իր գործունեությամբ յուրացում է կատարել»:

Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝  համայնքապետ Ռ. Մարգարյանն անցյալ տարվա հուլիս-նոյեմբեր ամիսներին իր համայնքի զոհված ազատամարտիկների գերեզմանների վերանորոգման, համայնքի անբարեկարգ փողոցների բարեկարգման աշխատանքների կատարման համար բյուջեով նախատեսված գումարները հափշտակել, ինչ-որ անհատ ձեռներեցի հետ նախնական համաձայնությամբ կեղծ պայմանագրեր է կնքել, դրա միջոցով շուրջ 1 մլն 900 հազար դրամ փոխանցել է անհատ ձեռներեցին, իսկ հետո առձեռն հետ է վերցրել 1 մլն 700 հազար դրամ գումարը ու այն յուրացրել: