Նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Կառավարության շենք. քաղաքացին ինքն է զանգահարել ԱԻՆ և հայտնել իր գործողությունների մասին (թարմացված)

19:22 • 27.10.18

20։20

ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ 1975թ. ծնված տղամարդը ձեռքի նռնակով փորձել է մուտք գործել Կառավարության շենք՝ ինքնապայթեցման նպատակով, սակայն վնասազերծվել է Կառավարության շենքում պահպանություն իրականացնող ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Քաղաքացին բերման է ենթարկվել ԱԱԾ:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով: Հանգամանքները պարզվում են:




20։05

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Սաթենիկ Ասլիկյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ 18:36 ԱԻՆ ահազանգ է ստացվել քաղաքացուց, որ ինքը Կառավարության շենքի մոտ է գտնվում, և իր ձեռքում նռնակ է:

ԱԻՆ-ից մեկ մարտական հաշվարկ և արձագանքման խումբ է մեկնել դեպքի վայր՝ Կառավարության շենք:

«Զանգը նաև փոխանցվել է Ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը: Սակայն հետո Կառավարությունում աշխատող մեր գործընկերները փոխանցել են, որ ԱԻՆ-ի կարիքը այլևս չկա, քանի որ իրենք արդեն քաղաքացու հետ խոսում են»:

 

-----------------


Նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Կառավարության շենք։

Այս մասին «Ազատության» թղթակցին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Կառավարության շենքի հարակից տարածքում նկատվում են ոստիկանության և շտապօգնության ավտոմեքենաներ։

«Ազատության» թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ միջին տարիքի մարդ, նռնակով զինված, մուտք է գործել Կառավարության շենք ու սպառնացել այդ պայթեցնել։ Ոստիկանները արագորեն վնասազերծել են նրան և տեղափոխել ԱԱԾ։ 

Տիգրան Ավինյանը հայտնել է նաև, որ քաղաքացին սոցիալական խնդիրներ է ունեցել, սական կոնկրետ ինչ պահանջներ է ունեցել՝ հայտնի չէ։ 

Նախնական տեղեկություններով՝ վնասվածք ստացած որևէ քաղաքացի չկա։ 

Վարչապետի խորհրդական Արեն Մկրտչյանը հայտնել է, որ շքնի ներսում ամեն ինչ հանգիստ է, նույնիսկ տեղյակ չեն էլ եղել դեպքի մասին։ 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռևս դեպքի վերաբերյալ ոչինչ չի հայտնել։

Դեպքի առնչությամբ կտրվի լրացուցիչ տեղեկություն։