Բոլթոնի կատարած հայտարարություններից դատելով՝ ԱՄՆ-ՀՀ հարաբերություններում կարելի է լրջորեն ակնկալել ինչ-որ առաջխաղացում. քաղաքագիտության դոկտոր

18:37 • 27.10.18

Քաղաքագիտության ամերիկահայ դոկտոր Վիգեն Հովսեփյանի հետ Tert.am-ը զրուցել է ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական՝ Ջոն Բոլթոնի Հայաստան այցի և դրա ընթացքում արված հայտարարությունների վերաբերյալ: Նրա նկատառմամբ՝  Բոլթոնի՝ 907–րդ բանաձևի մասին կատարած ակնարկին, թե հնարավոր է՝ այն չեղարկվի, լուրջ վերաբերվել պետք չէ, սակայն այդ գործընթացի դեմ պայքարին ոչ մի ջանք չպետք է խնայի ամերիկահայ համայնքը:

-Պարո՛ն Հովսեփյան, ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում էր: Հիմա, երբ այցը կարող ենք եզրափակված համարել, ի՞նչ կարող ենք արձանագրել, ի՞նչ նպատակով էր Բոլթոնը եկել Կովկաս:

-Քաղաքագիտության մեջ ընդհանրապես վերլուծական մեթոդ է՝ հետևել պաշտոնյաների արտահայտած մտքերին, մինչև իսկ օգտագործած բառապաշարին՝ եզրահանգումներ անելու համար: Ենթադրությունը միշտ այն է, որ բարձրաստիճան պաշտոնյաների արտահայտությունները պատահականության արդյունք չեն կարող լինեն: Թրամփի նախագահության օրոք այդ տրամաբանությունն ու կարգը խախտված են՝ առավելաբար նույն նախագահի անկանխատեսելի հայտարարությունների բերումով: Դժվարացել է պաշտոնական հայտարարությունների մեջ քաղաքականություն հասկանալը:

Սակայն ԱՄՆ ներկայիս գործող վարչակազմի դեպքում բացառություն է համարվում նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը՝ Ջոն Բոլթոնը, որի հայտարարությունները ճանաչված են որպես ուղեցուցային․ այնտեղ ավելի պարզորեն են կարդացվում ԱՄՆ արտաքին քաղաքականության շառավիղները: Մինչև Բոլթոնի շատ սպասված այցը տարածաշրջան և հատկապես Հայաստան, շատ գուշակություններ եղան այցի բնույթի և դրանից սպասումների վերաբերյալ:

Նման բարձրաստիճան միակողմանի այցերը (ի տարբերություն երկրների առաջնորդների միջև հանդիպումների- Վ․ Հ․) ԱՄՆ-ի դեպքում ընդհանրապես ունեն երկու հավանական նպատակ-առաքելություն:  Կա՛մ այն կատարվում է արդեն իսկ առկա քաղաքականության շրջագծերից ներս պատգամներ փոխանցելու, կա՛մ էլ դրանք ծառայում են ծրագրվող քաղաքականության համար անմիջական տվյալներ ստանալու համար: Ես կարծում եմ, որ դեսպան Բոլթոնի այցն իր մեջ ընդգրկում է վերոնշյալ երկու նպատակներից բաղադրիչ մասերը: Թավշյա հեղափոխությունից հետո, բնականաբար, կարիքը կզգացվի անմիջական շփումների միջոցով հասկանալ, թե արդյոք ինչ-որ բան փոխվել է Հայաստանի Հանրապետությունում, որը նոր կողմնորոշումների դուռ կարող է բացել:

Չմոռանանք, որ երկար տարիներ ի վեր ԱՄՆ-ը Հայաստանի արտաքին քաղաքականությունը համարել է կատարելապես ռուսական ազդեցության գոտի, և ըստ այդմ, կարիք անգամ չի զգացվել շատ երկար զբաղվելու դրանով: ԱՄՆ-ի համար Հայաստանը ռուսական ազդեցության գոտու մեջ է և վերջ: Եվ եթե մերթընդմերթ կարիք է եղել իրավիճակը փորձաքարի զառնելու և նոր տրամադրությունները չափելու, այդ պարագայում իրազեկումը կատարվել է ցածր մակարդակի պատվիրակությունների միջոցով:

Այցելության երկրորդ նպատակն այն է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ը փորձառությունների և քաղաքականության վրա հիմնված ՝ որոշ հստակ և նոր մեսիջներ է տալիս: Եվ այսպես մեկ անգամ ևս կթելադրվի ՝ Իրանից հեռավորություն պահպանել և այլն:

-Ի՞նչ կարող ենք արձանագրել Հայաստանի մասով մասնավորապես:

-Բոլթոնի շեշտադրումների մեջ նկատելի էին 3 կետեր: Առաջինը․ աննախընթաց կերպով ԱՄՆ –Հայաստան հարաբերությունները որակվեցին որպես ռազմավարական բարձր արժեք ունեցող կապեր: Երկրորդ․ Բոլթոնը խոսեց ՀՀ-ին ամերիկյան զենք և զինամթերք վաճառելու մասին. այն, ինչ սրանից առաջ երբեք չէր արվել:

Ու քանի որ հարց բարձրացնողն ինքը Բոլթոնն է՝ իր դերակատարությունն ունեցող պաշտոնյան, ապա առաջարկին պետք է շատ լուրջ վերաբերվել՝ անգամ տասն անգամ ավելի լրջորեն:

Վերջապես, երբ մի քանի անգամ Բոլթոնն իբր հիացմունքով նշեց այն մեծ ժողովրդավարության մասին, որ պարոն Փաշինյանն է վայելում, ակնարկում էր, որ վերջինը գործի կդնի իր ազդեցությունը, որը վայելում է ժողովրդի մոտ: Այդ վերջին ակնարկը բնականաբար Արցախյան բանակցային գործընթացին է վերաբերում՝ ասելու համար, որ հաջորդ հանգրվաններում հավանական դժգոհությունը չի կարող օգտագործել որպես խաղաքարտ:

Ամեն դեպքում, իր սեփական այցի մասին Բոլթոնի կատարած հայտարարություններից դատելով՝ կարելի է լրջորեն ակնկալել ինչ-որ առաջխաղացում ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում:

-Ջոն Բոլթոնը չհերքեց, որ հնարավորի է՝ քննարկվի ԱՄՆ-ի Ազատության աջակցության մասին ակտի 907-րդ փոփոխության չեղարկումը, և չբացառեց, որ զենք վաճառեն Ադրբեջանին: Գիտենք, թե 90-ականներին ԱՄՆ-ի հայ համայնքը ինչ ջանքեր է գործադրել այդ բանաձևի ընդունման համար: Հնարավո՞ր է՝ ի վերջո Թրամփի վարչակազմը կարողանա չեղարկել այն:

- Բոլթոնի՝ 907–րդ բանաձևի մասին կատարած ակնարկին, թե իբր այն կարելի է հեշտորեն վերացնել, շատ լուրջ չպետք է վերաբերել: Նախ այն ընդունվել է օրենսդիր մարմնի՝ Կոնգրեսի կողմից և այդտեղ նախագահը ոչ մի դեր չունի: Երկրորդ՝ 907-րդ բանաձևի մասին ակնարկությունը եղավ Հայաստանին զենք և զինամթերք վաճառելու համատեքստում, մինչ 907-րդ բանաձևը ոչ մի արգելք չի դնում Հայաստանին զենք վաճառելու հարցում:

Ամերիկահայ համայնքը իր կազմակերպություններով և կարողությամբ պետք է ճիգ չխնայի, որ Թրամփի վարչակարգը իրագործի Հայաստանին տված խոստումները:

Բոլթոնը ներկայացնում է Հանրապետական վարչակարգը, որը ընդհանրապես զգայուն չէ փոքրամասնությունների լոբբինգի նկատմամբ, սակայն հատուկ ակնարկ կատարեց ամերիկահայ համայնքի ուժի և դերակատարության մասին, իսկ դա  ինքնին լավագույն երաշխիք և փաստ է այն մասին, որ  համայնքի ճիգերն իրենց ազդեցությունն ունեցել են և կունենան: Մնում է՝ այդ ճիգերը սաստկացվեն:

- Կարծում եք՝ քննարկվեցի՞ն բոլոր այն հարցերը, որոնք առաջնահերթ էին հայ-ամերիկյան հարաբերություններում: Հայաստանը կարողացա՞վ օգտագործել առիթը՝ իր համար առաջնահերթ խնդիրների մասին խոսելու:

-Համենայն դեպս, նկատի ունենալով նախկին իշխանությունների առնվազն վերջին երկու տարիների քաղաքականությունը, կարելի է ասել, որ հայ-ամերիկյան հարաբերությունները տեղում դոփում էին, եթե ոչ տեղատվության մեջ էին: Իսկ Բոլթոնի պատվիրակության մակարդակն ու առաքելության տարողությունը կարող է միայն դրական գնահատվել: Առավել ևս, եթե նկատի ունենանք Բոլթոնի հաստատումները Հայաստանի մեջ ընթացող գործընթացների վերաբերյալ, կարծում եմ, կարող ենք ենթադրել, որ Հայաստանի առջև բացվում են բավականին հետաքրքիր հնարավորություններ, որոնց կարելի է հասնել՝ առանց բարդացնելու հայ-ռուսական նուրբ հարաբերությունները:

Պետք է նկատել նաև, որ Բոլթոնի հայտարարություններից և մամուլի հետ ասուլիսից հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը ծանր պարտավորություններ կամ ակնկալություններ չի դրել Հայաստանի վրա՝ հատկապես Սիրիա հայկական հումանիտար օժանդակություն ուղարկելու, նաև Իրանի նկատմամբ տարվող քաղաքականության գծով:  Ըստ երևույթին, այս երկու բարդ խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը ԱՄՆ-ը ըմբռնումով է վերաբերել: