Բրյուսելի օդանավակայանում բեռնակիրների գործադուլի հետևանքով չեղարկվել է 125 չվերթ
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի միջազգային օդանավակայանում չեղարկվել է ավելի քան 125 չվերթ, նման իրավիճակի պատճառ է դարձել ուղեբեռի փոխադրմամբ զբաղվող ընկերության աշխատակիցների կազմակերպած գործադուլը, գրում է РИА Новости գործակալությունը:
Հայտնի է, որ բեռնակիրներն իրենց բողոքի ակցիան նախատեսում են շարունակել մինչ կիրակի առավոտ:
Օդանավակայանի ղեկավարությունը խորհուրդ է տվել ուղևորներին չսպասել օդանավակայանում, քանի որ չվերթները ոչ թե հետաձգվել, այլ ամբողջովին չեղարկվել են: Տուժած ուղևորներին ուղղորդել են վերադառնալ տուն ու կապվել իրենց սպասարկող ավիաընկերությունների հետ:
Նշվում է, որ օդանավակայանի ղեկավարությունը շարունակում է բանակցություններ վարել աշխատանքային պայմաններից բողոքող բեռնակիրների հետ, դրանց ընթացքի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:










