Եթե եղել են պատվիրատուներ, ապա դա բացահայտվելու է. Դավիթ Տոնոյանը՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի մասին
«Հոկտեմբերի 27»–ի պատվիրատուներ, եթե եղել են, ապա դա կբացահայտվի, ժամանակի ընթացքում ամեն ինչ կբացահայտվի, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ Եռաբլուրում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո:
«Ես համոզված եմ, որ Հոկտեմբերի 27-ն ամբողջությամբ բացահայտվելու է, անկախ նրանից, թե ինչ իշխանություն է, ժամանակն իր գործն անելու է: Եթե իրականում եղել են պատվիրատուներ, ապա դա բացահայտվելու է»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Նրա խոսքով՝ Վազգեն Սարգսյանի կորուստն անդառնալի է.«Ես չեմ կարող գնահատել այն դաժանությունը, որը կատարվել է հոկտեմբերի 27-ին, ինչ-որ բան վերևից անարդար էր մասնավորապես մեր Սպարապետի նկատմամբ»:
Հիշեցնենք, որ 19 տարի առաջ այս օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ նիստերի դահլիճ ներխուժեցին զինված անձինք, որոնք կրակ բացեցին՝ թիրախ ընտրելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին ու վարչապետ Վազգեն Սարգսյանին: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում Օրենսդիր և Գործադիր մարմինների հարց ու պատասխանի ժամն էր:
Զինված անձինք էին Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը: Նրանց կրակոցներից սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրոյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը:










