Եթե ուրիշ քաղաքական բովանդակություն չլինի, տեղը կլրացնի սև ու սպիտակ բաժանումը․ քաղտեխնոլոգը՝ կուսակցությունների նախընտրական պայքարի մասին
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը դժվարանում է ասել՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կմասնակցեն, թե՝ ոչ։ Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այն կուսակցությունները, որոնք ավելի մեծ հնարավորություն ունեն հայտնվելու խորհրդարանում, որոնք բավականին ազդեցիկ դիրք ունեն, ընդհանրապես չեն աշխատում:
Բադալյանի մոտ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական կուսակցություններն իրենց աշխատանքը թողել են «վերջի պահին մի բան կանենք» սկզբունքին։ Արմեն Բադալյանի համար հստակ է, որ խորհրդարանի առաջին ուժը լինելու է ներկայումս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը, սակայն կարծում է, որ ամբողջ թիմը հույս է դրել Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի վրա։
«Եթե Ընտրական օրենսգիրքը փոփոխվի և համամասնական ընտրական մեխանիզմ կիրառեն, ապա այդ ԸՕ-ն և վարչապետի բարձր վարկանիշը թույլ են տալիս, որ նրանք ապագա խորհրդարանում առաջին տեղն ունենան՝ ընդհուպ հավաքելով մոտ 70 % ձայն այս պահի դրությամբ: Ինչ- որ չափով՝ շատ քիչ, կարող ենք ասել, որ նախընտրական արշավի կամ ակտիվության դրսևորման նշույլներ է ցույց տալիս «Բարգավաճ Հայաստան»-ը՝ միջկուսակցական հարաբերություններ է հաստատում, կուսակցության ղեկավարը տարբեր բնակավայրեր է գնում, ինչ-որ գործողություններ են լինում ինչ-որ նպատակներով։ Մնացածների մոտ քար լռություն է, և դրա համար մենք այս պահի դրությամբ չենք կարող ասել, թե ով կանցնի, որովհետև այստեղ նաև 30 %-ի բոնուսային համակարգ կա»,- ասաց նա։
Բադալյանի համար խորհրդարանի հետագա պատկերը տեսանելի չէ, սակայն ենթադրում է, որ 2-3 տեղերի համար կպայքարեն ԲՀԿ-ն ու Լույս դաշինքը, թեև չի բացառում, որ նրանց տեղը շատ հանգիստ զբաղեցնի «Սասնա Ծռեր» կուսակցությունը։ Նա ՀՀԿ-ի հետ կապված խնդիր է տեսնում, քանի որ, ըստ նրա, ՀՀԿ-ում ամռանը չիրականացրեցին ռեբրենդինգը։
«ՀՀԿ-ն կարող է չանցնել, բայց, հավաքելով անհրաժեշտ տոկոսների ձայն, ևս 30 % բոնուսային համակարգից օգտվելով, կարող է մի քանի պատգամավոր ունենալ խորհրդարանում, փոքր, բայց կարող է խմբակցություն ունենալ՝ հաշվի առնելով, որ մյուսներն ընդհանրապես չեն աշխատում, բնականաբար, նրանք կարող են դիտարկվել որպես այլընտրանք այս իշխանություններին։ Այսինքն՝ քանի որ ոչ մեկ ոչ մի աշխատանք չի տանում այս ուղղությամբ, առնվազն քարոզարշավ էլ չի իրականացնում, շատ դժվար է այս պահի դրությամբ ասել՝ ով կանցնի, ով չի անցնի»,- նշեց Արմեն Բադալյանը։
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին և տեսակետին, թե նրանք կայուն ընտրազանգված ունեն, քանի որ միշտ 5 տոկոս հավաքում են, Բադալյանը շեշտեց, թե կայուն ընտրազանգված և ծավալային հասկացությունը տարբեր են, քանի որ կարող ես ունենալ կայուն ընտրազանգված, որը լինի 1 տոկոս։
«Կայուն 5 տոկոսը չեմ կարող ասել, դա սոցիոլոգիական հարցումները պետք է ցույց տան, բայց այն, որ Դաշնակցության վարկանիշը կտրուկ անկում է ունեցել, դա գաղտնիք չէ, հատկապես հոկտեմբերին և ոչ այնքան երկրորդ նախագահի հետ առնչությունների, որքան հոկտեմբերի 2-ին այդ հայտնի օրենքին կողմ քվեարկելու պատճառով, որը շատ ավելի մեծ հարված հասցրեց ՀՅԴ-ին, քան ԲՀԿ-ին, որովհետև, այնուամենայնիվ, ԲՀԿ-ն մարզերում ունի ներկայացվածություն, և ԲՀԿ ղեկավարն ինչ-որ վարկանիշ ունի: Այդպիսի կուսակցությունը կարող է ինչ-որ չափով փորձել փոխհատուցել հոկտեմբերի 2-ի բացասական ընկալումն ընտրազանգվածի մոտ, որը եղավ այդ օենքին կողմ քվեարկելու ժամանակ։ ՀՅԴ-ն չունի այդ ռեսուրսը, որպեսզի փոխհատուցի, բայց արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նա չի հաղթի, ոչ ոք չի կարող ասել, որովհետև այս պահի դրությամբ ոչ ոք չի զբաղվում, նախընտրական կամպանիայով»,- մանրամասնեց Բադալյանը։
Քաղտեխնոլոգի համար տարօրինակ է կուսակցությունների պասիվությունը, քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից 50 օր ժամանակ է բաժանում, և շատ դեպքերում ֆիզիկապես հնարավոր չի լինելու Հայաստանի բոլոր մարզերում և մարզերի բոլոր խոշոր բնակավայրերում հանդիպումներ ունենալ։ Նրա խոսքով, եթե որևէ քաղաքական ուժ որևիցե գործողություն չիրականացնի, բնականաբար, Հանրապետականին են գնալու վարչապետի դեմ ձայները:
«Այսպես, թե այնպես Հանրապետականն այս իշխանություններից դժգոհ ձայների մի մասը տանելու է, սա միանշանակ է։ Հիմա ինչքանո՞վ է տանելու, այ այդտեղ չենք կարող ասել։ Կարող է 3 տոկոս տանել և օգտվելով 30 տոկոսային բոնուսային համակարգից՝ ինքը 30 տոկոսից որոշ տոկոս ստանա ու անցնի այդ 4 տոկոս նշաձողը։ Կարող է և այդպես էլ ինքն անցնի խորհրդարան, որովհետև խնդիրը միայն ձայները տանելը չէ, այստեղ մի քիչ ավելի բարդ է։ Քանի որ հարց է, թե ակտիվ քարոզարշավ անցկացրած ուժերն ի՞նչ են առաջարկելու։ Եթե նրանց առաջարկածն ընդունելի չլինի ընտրազանգվածի համար, ապա այս ընտրազանգվածը կարող է քվեարկել վարչապետին դեմ՝ ձայն տալով Հանրապետակամին։ Եթե նրանց առաջարկը լինի ընդունելի, ապա նրանց ձայները կգնան ոչ թե ՀՀԿ-ին, այլ կողմ այլ ուժերին»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է գաղափարական պայքարին, Բադալյանը շեշտեց, որ եթե այն չլինի, ապա դրա տեղը կլրացնի սև ու սպիտակի պայքարը․ «Եթե ուրիշ քաղաքական բովանդակություն չկա, ուրիշ աշխատող մեխանիզմ չկա, ապա սև ու սպիտակի պայքարն աշխատելու է, եթե բովանդակային ընտրարշավ լինի, չի աշխատում։ Եթե, անգամ, վարչապետը չդնի այս սև ու սպիտակի բաժանման բովանդակություն, բայց մյուսները ոչինչ չանեն, անկախ նրանից, վարչապետը կդնի, թե չի դնի, ընտրազանգվածն այդպես էլ ընկալելու է՝ սև ու սպիտակ է ընկալելու։ Այսինքն՝ կախված է, թե մյուս ուժերն ինչ բովանդակություն կառաջարկեն, իսկ այս պահի դրությամբ ոչ մի բան չեն առաջարկում»,-եզրափակեց Արմեն Բադալյանը։










