Մերկելը չի պատրաստվում վերընտրվել ՔԴՄ նախագահի պաշտոնում, սակայն ցանկանում է պահպանել կանցլերի պաշտոնը. լրատվամիջոցներ

15:03 • 29.10.18

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի պատրաստվում վերընտրվել Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի պաշտոնում, այդ մասին հայտնում է dailymail.co.uk-ը՝ կուսակցությունում աղբյուրների հղումով:


Հաղորդվում է, որ Մերկելը պատմել է իր պլանների մասին կուսակցության այլ առաջնորդների: Կուսակցության ղեկավարի ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի սկզբին:


Քաղաքական գործիչը զբաղեցնում է կուսակցության ղեկավարի պաշտոնը 2000 թվականից: Նրա հրաժարվելը կուսակցության ղեկավարի պաշտոնից կնշանակի ներկուսակցական պայքար Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար:


Կանցլերի հերթական ընտրությունները նախատեսված են 2022 թվականին: Մարտին Մերկելն այս պաշտոնում է վերընտրվել արդեն 4-րդ անգամ:


Միևնույն ժամանակ, DPA գործակալությունն աղբյուրի հղումով հայտնում է, որ Մերկելը մտադիր է մնալ կանցլերի պաշտոնում՝ չնայած կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելուն:


Ինչպես գրում է Spiegel-ը, Մերկելի մտադրությունը զարմանք է առաջացնում, քանի որ նա մշտապես շեշտադրել է, որ կուսակցության նախագահությունն ու կառավարության ղեկավարի պաշտոնն ամուր կապված են միմյանց: