Մեծ Բրիտանիան առաջինն է տեղյակ եղել Խաշոգջիի դեմ ծրագրի մասին ու կոչ է արել Սաուդյան Արաբիային չեղարկել այն. Sunday Express

12:27 • 29.10.18

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով ուշագրավ բացահայտում է արվել, համաձայն որի՝ Մեծ Բրիտանիան առաջինն է տեղյակ եղել ընդդիմադիրի դեմ նախապատրաստված ծրագրի մասին: Այս մասին գրում է Sunday Express-ը՝ հետախուզությունում քաջատեղյակ աղբյուրի հղումով:

Հայտնի է, որ Լոնդոնն այս մասին իմացել է Խաշոգջիի՝ հյուպատոսարան մտնելուց դեռևս երեք շաբաթ առաջ: Բրիտանական հետախուզությունը տեղյակ է եղել, որ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի մերձավոր շրջապատի անդամներից մեկը կարգադրել է առևանգել լրագրողին ու նրան Սաուդյան Արաբիա վերադարձնել:

Այնուհանդերձ՝ կարգադրությունն ուղղակիորեն չի եկել թագաժառանգ Մոհամադ բին Սալմանից, և հայտնի չէ, թե արդյոք նա տեղյակ է եղել այս ամենից:

«Սեպտեմբերի սկզբին՝ Խաշոգջիի՝ հյուպատոսարան մտնելուց երեք շաբաթ առաջ, մենք արդեն տեղյակ էինք, որ ինչ-որ բան է կատարվելու: Հետո ի հայտ եկան մանրամասներ, համաձայն որոնց լրագրողին պետք է բռնեին ու Սաուդյան Արաբիա վերադարձնեին: Այնուհանդերձ՝ լրագրողի նկատմամբ այլ գործողությունները ևս չէին բացառվել: Գիտենք, որ կարգադրությունը տվել է թագավորական ընտանիքին մոտ շրջապատի անդամներից մեկը, բայց թագաժառանգի հետ առնչության ապացույց չկա: Ուստի՝ չենք կարող ասել՝ նա է պատվիրատուն, թե ոչ»,-նշել է աղբյուրը:

Նա հավելել է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները Սաուդյան Արաբիային նախազգուշացրել են չեղարկել իրենց ծրագիրը, սակայն կոչն անտեսվել է:

Բացի այդ, Sunday Express-ը զրուցել է Խաշոգջիի մտերիմ ընկերոջ հետ, որի պատմելով՝ լրագրողը պետք է լուրջ ապացույցներ ստանար առ այն, որ Սաուդյան Արաբիան Եմենում քիմիական զենք է կիրառում:

«Ես նրան հանդիպել եմ մահից մեկ շաբաթ առաջ: Նա տխուր էր ու անհանգստացած: Երբ հետաքրքրվեցի՝ ի՞նչ է պատահել, ասաց, որ շուտով ապացույցներ է ստանալու առ այն, որ Սաուդյան Արաբիան քիմիական զենք է օգտագործել: Դրանից հետո լսեցի Խաշոգջիի սպանության լուրը»,-ասել է ակադեմիկոս ընկերը:

Նա հավելել է, որ եթե լրագրողը հրապարակեր սկանդալային ապացույցները, ապա թագավորական ընտանիքը չափազանց դժվար կացության մեջ կհայտնվեր: