Մերկելին քննադատել են Պուտինի և Էրդողանի հետ «չափից ավելի բարեհամբույր» լինելու համար

10:02 • 29.10.18

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օրերս Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ չափից ավելի բարեհամբույր է եղել իր ռուս և թուրք գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այդ մասին գրում է գերմանական Bild-ը՝ նկատելով, որ կանցլերը չպետք է այդչափ բարեհամբույր լիներ «ավտորիտար ղեկավարների» հետ:

Համբուրգի դաշնային խորհրդի փոխնախագահ Կանսու Օզդեմիրը պարբերականի հետ զրույցում նշել է, որ «սիրտը խառնում է», երբ տեսնում է՝ ինչպես է Մերկելը սեղմում «Էրդողանի արյունոտ ձեռքը»:

Մինչդեռ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի նախագահ Դիրկա Կունցեն նշել է, որ կանցլերը պետք է ոչ թե կանգնի Պուտինի կողքին, այլ պահանջի, որ Ռուսաստանը զբաղվի Սիրիայի վերականգնմամբ:

Ավելի վաղ, լրատվամիջոցները տարածել էին հիշյալ ստամբուլյան հանդիպման ժամանակ արված ուշագրավ տեսանյութ, որում Մերկելը Պուտինի հետ ռուսերեն է խոսում:

Հայտնի է, որ Գերմանիայի կանցլերը ռուսերենով հարց է տվել Պուտինին նրա կրած վերարկուի վերաբերյալ:

«Սիբիրյան վերարկո՞ւ»,-հետաքրքրվել է Մերկելը՝ տեսնելով, թե ինչպես է Պուտինը կոճկում վերնահագուստը: