Գվատեմալայի ու Մեքսիկայի սահմանին ոստիկանության հետ բախումների ժամանակ ներգաղթյալ է զոհվել (տեսանյութ)

12:22 • 29.10.18

Գվատեմալայի ու Մեքսիկայի սահմանին կիրակի Հոնդուրասից ներգաղթյալ է սպանվել՝ Մեքսիկայի տարածք մուտք գործելու փորձի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ Prensa Libre-ին հղումով:


Հոնդուրասի քաղաքացին զոհվել է գվատեմալացի ոստիկանի արձակած ռետինե փամփուշտի հետևանքով:


Վնասվածքներ են ստացել կանայք, երեխաներ, ինչպես նաև Գվատեմալայի ազգային ոստիկանության մի քանի ներկայացուցիչ:


Մեքսիկայի իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ Կենտրոնական Ամերիկայից Մեքսիկայի տարածքով դեպի ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների «քարավանում» կա ավելի քան 3.600 մարդ: Մոտ 1.750-ն էլ ապաստան է խնդրել Մեքսիկայից:


Միևնույն ժամանակ, մի քանի ներգաղթյալ էլ գտնվում է Գվատեմալայի ու Մեքսիկայի սահմանին: