Ինդոնեզիայում վթարի ենթարկված ինքնաթիռի ուղևորների և անձնակազմի թվում, նախնական տվյալներով, ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն եղել․ ԱԳՆ մամուլի խոսնակ

12:32 • 29.10.18

Հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում վթարի ենթարկված ինքնաթիռի ուղևորների և անձնակազմի թվում, նախնական տվյալներով, ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն եղել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ Lion Air ավիաընկերության Boeing 737 MAX 8 օդանավը Ջակարտայի օդանավակայանից մեկնելուց 13 րոպե անց անհետացել էր ռադարների էկրանից, ավելի ուշ հաղորդվել է, որ այն ընկել է ծովը՝ Ճավա կղզու արևմտյան ափերի մոտ: Օդանավն ուղևորվում էր ինդոնեզական Պանկալպինանգ քաղաք: 

Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար օդանավի կործանման հետևանքով ողջ մնացածներ չկան: Այս մասին հայտնում է այնտեղի  արտակարգ պատահարների հաղթահարման հարցերով ազգային գործակալության ներկայացուցիչը:

Օդանավում, ըստ վերջին տվյալների, գտնվել է 189 մարդ: Տարվում են որոնողափրկարարական աշխատանքներ: